Foto

Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք

ՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել «Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք» վերնագրով։

Շատերը կարծում են, որ առանց ծխախոտի («բուսական» կամ «առանց նիկոտինի») նարգիլեն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ չի պարունակում նիկոտին։ Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նիկոտինի բացակայությունը նարգիլեն անվտանգ չի դարձնում։

Գիտական տվյալների համաձայն՝ ծխախոտային և առանց ծխախոտի նարգիլեների օգտագործման ընթացքում առաջացող ծուխը պարունակում է առողջության համար վտանգավոր բազմաթիվ թունավոր նյութեր՝ գրեթե նույն քանակներով։

Հիմնական տարբերությունն այն է, որ առանց ծխախոտի նարգիլեն չի պարունակում նիկոտին։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում և ներշնչվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝

  • ածխածնի օքսիդ (շմոլ գազ),
  • խեժ,
  • ազոտի օքսիդներ,
  • թունավոր ալդեհիդներ,
  • պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (որոնցից շատերն ունեն քաղցկեղածին հատկություններ)։

Այս վնասակար նյութերի հիմնական աղբյուրներն են նարգիլեի տաքացման համար օգտագործվող վառվող ածուխը, ինչպես նաև խառնուրդի բաղադրիչները, որոնց տաքացման և քայքայման արդյունքում առաջանում են վնասակար նյութերը:

Հայտնի է, որ այս նյութերը կարող են վնասել առողջություն․

  • ածխածնի օքսիդը (շմոլ գազը) նվազեցնում է օրգանիզմ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը,
  • խեժը, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները և որոշ ալդեհիդներ պարունակում են նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը,
  • ալդեհիդներն ու ազոտի օքսիդները գրգռում և վնասում են շնչուղիներն ու թոքերը։

Այսպիսով, նիկոտինի բացակայությունը միայն նվազեցնում է նիկոտինային կախվածության առաջացման հավանականությունը, սակայն չի վերացնում նարգիլեի օգտագործման հետևանքով օրգանիզմ ներթափանցող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը։
Աղբյուրը: