Foto

ՖԻՖԱ-ն կիբերհարձակման է ենթարկվել. հաքերները հասանելիություն են ստացել անձնական և գործնական տվյալներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կիբերհարձակման է ենթարկվել, որի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել սահմանափակ ծավալի անձնական և գործնական տվյալներին։ Դրա մասին կազմակերպությունը հայտնել է հինգշաբթի՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել կոտրումը և կոնկրետ ինչ տեղեկություններ են արտահոսել։

«ՖԻՖԱ-ն սերտորեն համագործակցում է համապատասխան մարմինների, այդ թվում՝ իրավապահ կառույցների հետ»,- ասվում է կազմակերպության՝ Associated Press գործակալությանն ուղարկված հայտարարության մեջ։

Անցյալ շաբաթ իրեն Handsome Boy Hacking Club անվանող խումբը X սոցիալական ցանցում հրապարակել էր ֆայլերի էկրանակադր, որոնք, իր պնդմամբ, պատկանում էին ՖԻՖԱ-ին։ Երեք օր անց խումբը, ըստ երևույթին, ստանձնել է կոտրման պատասխանատվությունը՝ արձագանքելով կազմակերպության ավելի քան 12 գիգաբայթ ներքին փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի մասին հրապարակմանը։

ՖԻՖԱ-ն խստորեն դատապարտել է տեղեկությունների, հատկապես անձնական տվյալների ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը՝ տեղի ունեցածը որակելով որպես անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի լուրջ և անընդունելի խախտում, որը կարող է զգալի հետևանքներ ունենալ տուժած անձանց համար։ 

Կիբերհարձակումը տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի և նրա նախագահ Ջաննի Ինֆանտինոյի գործունեության նկատմամբ սևեռված ուշադրության հետնապատկերին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել աշխարհի առաջնության առևտրային իրավունքներում մասնաբաժինները մասնավոր ներդրողներին վաճառելու՝ ձախողված գաղտնի ծրագրի մասին։ Բացի դրանից, Ինֆանտինոն ձգտում է կազմակերպության նախագահի պաշտոնում իր պաշտոնավարումը երկարաձգել մինչև 2031 թվականը։

ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին։ Ինֆանտինոն համարվում է ընտրապայքարի ֆավորիտը։ Մյուս թեկնածուների թվում են Ճապոնիայի ներկայացուցիչ Կոձո Տասիման և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոն։