Արմեն Աշոտյանի կալանավորման ժամանակահատվածում ես գործուղման էի Վիեննայում։ Իմ փոխարեն նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը`նշելով, որ Արմեն Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել։ Միակ մտահոգությունները վերաբերել են գործի քննությանը ու նրա խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին։
«Այդ բոլոր հարցերը արձանագրել ու փաստաթղթավորել ենք։ Նաև աշխատակազմի ներկլայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել պրն. Աշոտյանի փաստաբանի հետ»,- ասաց նա։
Մանասյանը նաև հավելեց, որ ՀՀԿ փոխնախագահի բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար արդեն իսկ հարցումներ են ուղղել համապատասխան մարմիններին։ Դրանից հետո, արդեն, իր խոսքով, որոշում կկայացվի ՄԻՊ-ի և ՄԻՊ աշխատակազմի հետագա գործողությունների վերաբերյալ։
Հասարակական, քաղաքական շրջանակները Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը գնահատել են որպես քաղաքական հետապնդում: Լրագրողի հարցին, թե արդյոք ՄԻՊ-ը` Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ` Մանասյանը նշել է «Քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։ Հայաստանում մենք ունենք որոշ վարույթներ, որոնցով անցնում են անձինք և զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալներ են։
Բայց, սա նշանակում է, որ մենք այս գործերի հետ կապված շատ ուշադիր պետք է լինենք՝ երաշխավորելու համար կատարած ցանկացած հանցանքի համար պատժի կրման հավասարությունը»,- ասաց նա։
Մանասյանի խոսքով՝ ինքն Աշոտյանի հարցով վերջնական եզրահանգում կունենա միայն պետական մարմիններից պարզաբանումը ստանալուց և այն Աշոտյանի մտահոգությունների հետ համադրելուց հետո։ Մանասյանն, այնուամենայնիվ, համաձայնեց տեսակետին, որ Հայաստանում կալանքը անհամեմատ մեծ ծավալներով որպես խափանման միջոց կիրառելու նախադեպը մտահոգիչ է միջազգային չափանիշների հետ համեմատության պարագայում։
«Իհարկե, որոշակի բարելավումներ, կատարելագործումներ ժամանակի ընթացքում եղել են, բայց այս խնդիրը չի լուծվել։ Սրա մասին ես նույնպես անընդհատ արձանագրում եմ»,- ասաց նա։
Ըստ Մանասյանի՝ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն ուշադիր ու հետևողական աշխատանքի արդյունքում։









