ՀՀ բնության մեջ հանդիպում են հաղարջենու 5 տեսակներ` Ախուրյանի, ալպյան, արևելյան, բիբերշտեյնի և հայկական։
Հաղարջենի ոսկյա տեսակը 19-րդ դարի վերջին ներմուծվել է Հյուսիսային Ամերիկայից և առաջին անգամ մշակվել է այժմյան Գյումրիում։ Պարտեզներում մշակվում են հաղարջենի սևը և կարմիրը (R. nigrum և R. rubrum)։
Հաղարջենի հայկականը (Ribes armenum) պատկանում է քարբեկազգիների ընտանիքին, տերևաթափ թուփ է` մինչև 1 մ բարձրությամբ։ Ընձյուղները, տերևակոթունը և տերևի ցածի կողմը ծածկված են դեղին, կետավոր, բուրումնավետ գեղձիկներով։ Տերևները խոշոր են, հիմքում` սրտաձև, 5 եռանկյունաձև բլթակներով։ Ծաղիկները զանգակատիպ են, կապտակարմրավուն կամ վարդամոխրագույն, երբեմն` կանաչավուն։ Ծաղկաբույլը 4-9 ծաղկից կազմված ողկույզ է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, մեղրատու բույս է։ Հատապտուղը մերկ, սև գույնի, չորացած գագաթային ծաղկակիցով բազմասերմիկ է։ Պտղակոթունի երկարությունը և պտղի տրամագիծը գրեթե հավասար են` 0,6-1 սմ։ Հատապտուղները հասունանում են հուլիսին։
Կան բոլոր հիմքերը` ենթադրելու, որ հաղարջ սևի բոլոր մշակովի տեսակները ստացվել են ՀՀ Վայքի մարզի լեռնային գոտու անտառային եզրերին և քարքարոտ վայրերում աճող հայկական հաղարջից։Ribes armenum տեսակը բնաշխարհիկ (էնդեմ) բույս է, որ հանդիպում է միայն մեր հայրենիքում։ Հաղարջենին անչափ հարուստ է օգտակար նյութերով, որոնց քանակային և որակային չափը կախված է աճման պայմաններից։ Ապացուցված է, որ քարքարոտ վայրերում աճող բույսն ավելի հարուստ է միկրո և մակրոտարրերով, վիտամիններով, և այլն։
Հատապտղի բաղադրությունը և օգտակար հատկությունները
Պարունակում է մինչև 16 տոկոս շաքարներ (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա), 4 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, ֆոսֆորի), պեկտին, դաբաղանյութեր, անտոցիանային միացություններ, ներկանյութեր, գլիկոզիդներ, եթերային յուղեր։ 100 գ պտղում պարունակվում է 80-400 մգ C վիտամին` 30 գ-ը լիովին բավարարում է օրգանիզմի 1 օրվա պահանջը։ Պտղում պարունակվող ռուտինը նպաստում է C վիտամինի յուրացմանը։ Կարևոր է, որ հաղարջենու սև հատապտուղը չի պարունակում C վիտամինը քայքայող ֆերմենտներ, ինչի շնորհիվ ասկորբինաթթուն լավ է պահպանվում սառեցրած պտուղների մեջ։ Օգտակար նյութերը լավ են պահպանվում նաև շաքարավազի հետ խառնելու դեպքում (1։3 կամ 1։2)։
Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։
100 գ պտուղը պարունակում է զգալի քանակության E վիտամին` 0,72 մգ, պանտոտենաթթու կամ B5` 0,4 մգ, բիոտին` 2,4 մկգ, K վիտամին, նաև B1, B2, B6, նիացին կամ նույն ինքը` PP, ֆոլիաթթու, կարոտին։ Պարունակում է ֆենիլալանին, որի սակավությունն առաջացնում է ֆենիլկետոնուրիա` վիտամինային անբավարարության ձևերից մեկը։
Հաղարջը պարունակում է նաև լինոլենային թթուներ, որոնք տրոհում են ճարպային բջիջները. նման հատկությունը կարևոր է ցելյուլիտի բուժման համար։
Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են նաև չորացրած պտուղները









