Վարչապետ Նիկոլ Փիշանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, ի թիվս այլնի, հայտարարեց,
որ իր պաշտոնավարման ընթացքում սպառազինության պլանի փոփոխություն չի եղել, փոխարենը՝ միայն ավելացում է եղել։ Դեռ 2019թ-ից ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում էր սպառազինության
պլանը փոխելու, ոչ պիտանի զենք գնելու համար։ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան առաջիններից էր, որ խոսում էր պլանի փոփոխման և
դրանից բխող վտանգների մասին։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել Արտակ
Զաքարյանին։
-
Պարո՛ն Զաքարյան, Դուք բազմիցս նշել եք, 2018թ-ից
հետո սպառազինության պլանի փոփոխություն է եղել։ Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ի՞նչ
ազդեցություն են թողել 44 օրյա պատերազմի վրա։
- Ես նորից եմ դա կրկնում: Եթե դա արված չլիներ և այդ գումաներն ուղղվեին ոչ թե Սու-30 ՍՄ ինքնաթիռներին, այլ նախատեսված սպառազինությանը, 44-օրյայում առնվազն հակառակորդի ԱԹՍ-ներն ավելի սահմանափակ ազդեցություն կունենային: Այսքանը` եթե հակիրճ:
-
44 օրյա
պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պլանի
փոփոխություն չի եղել և դեռ ավելացում է եղել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-
Արդեն մեկնաբանեցի: Մնացյալը մանիպուլյացիա է: Նիկոլից ասված
ճշմարտությունն ու փղից ստացված ձագը` յոթը տարին մեկ է լինում:
-
Ըստ Փաշինյանի՝
բանակն ինչ ուզել է, ինքը տվել է՝ կոչում, մեդալ, սնունդ և այլն։ Արդյո՞ք բանակի մարտունակությունը
միայն սրանցով է որոշվում։
-
Ես չգիտեմ, թե բանակը Նիկոլից կոնկրետ ի՞նչ է ուզել, բայց վստահ
չեմ, որ բանակի ուզածը գերխնդիրները ՍՄ 30-ինքնաթիռները, հորդանանյան ԱՍԱ-ԱԿ-ները,
ուսապարկի միջի տափաշիշը այլ շշով փոխարինելը, կամ ելակի ու քյաբաբի PR փարթիներն են
եղել: Փառք Աստծո, լավ թե վատ, ճանաչում եմ բանակը և գիտեմ, թե ինչպիսի խնդիրներ է ունեցել:
Նիկոլը կա՛մ չի ցանկացել, կա՛մ չի կարողացել դրանք լուծել: Բացառությամբ, գուցե, աշխատավարձերի
հարցը, որը ոչ մի կապ չունի բանակի մարտունակության և մարտական ոգու հետ: Ինչ էլ լուծել
է Նիկոլը, պարզվել է, որ դրանք ոչ թե բանակի, այլ մատերի վրա հաշված մարդկանց
խմբային կամ մերկանտիլ շահերի ու պատկերացումների հարցեր են եղել:
-
Արդյո՞ք հանձնաժողովում
իր «պարզաբանումներով» Նիկոլ Փաշինյանը նպատակ չի հետապնդում ինքնամաքրվել պարտությունից
և հիմնավորել իր հետպատերազմյան այսորակ քաղաքականությունը:
-
Միանշանակ, միակ նպատակը դա է` փորձել մաքրվել դավադիր կերպարից՝
երկար-բարակ անիմաստ պատմություններ պատմելով և ժողովրդին հիմարացնելու նոր դոզա ներարկելով:
Արցախի տարածքների կորուստը, 5000-ից ավելի զոհերը, բանակն արյան մեջ թաթախելը, Հայաստանի
տարածքների օկուպացիան, տոտալ բլոկադան, ցեղասպանական վտանգը, պետության անվտանգային
զրո մակարդակը` Նիկոլի վզից հավերժ կախված բեռ է, եթե կուզեք` նզովք: