Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում արձանագեց, որ այս պահին առկա է երեք հիմնական խնդիր։ Առաջինը՝ Բերձորի միջանցքի արգելափակումն է, որի լուծումը Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարումն է, և որի պարտավորությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործառույթն է, երկրորդը՝ Արցախում էթնիկ զտումներն են, իսկ դրա լուծումը՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Երրորդ խնդիրն էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, խաղաղության պայմանագրի կնքումը, որպես որի կարգավորման առաջին քայլ՝ ճանապարհների ապաշրջափակումն է ու ԱԳՆ նախարարների մակարդակով ԱՄՆ-ում առաջիկա շաբաթ սպասվող բանակցությունները։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ։
- Պարո՛ն Գասպարյան, այս խնդիրներն անջատ դիտարկելն ի՞նչ հետևանքների
կարող է բերել։
- Այս երեք խնդիրը պատերազմական վիճակների առաջացման պատճառ են հանդիսացել։ Այս խնդիրների շուրջ 2018թ-ից հետո տապալված դիվանագիտությունը բերեց նրան, որ բանակցային բոլոր տարբերակներն Ադրբեջանը մերժեց, սանձազերծեց պատերազմ և Ալիևը հայտարարեց, որ 30 տարի անարդյունք էին բանակցում և հիմա ինքը խնդիրը պատերազմով լուծեց։ Այժմ ունի պատերազմում հաղթողի կարգավիճակ և ինքն է փորձում է խաղի կանոնները թելադրել, ինչի հետ Հայաստանի իշխանությունը հաշտ է։ Համաձայնվում է Արցախը զոհաբերել ինչ-որ մի ընտրված մեղկ թեզի՝ զոհաբերենք 120 հազարին՝ հանուն 3 մլն-ի կամ 29 800 քառ․ կմ-ի։ Այս թեզն ինքնին սնանկ է, որովհետև Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ իր համար նշանակություն չունի ինչպես 120 հազար արցախցիների ճակատագիրը, այնպես էլ 3 մլն հայերի։ Ձախողված դիվանագիտության պատճառով խնդիրը միայն Արցախը կամ արցախահայությունը չէ, այլ՝ Սյունիքը և Հայաստանի արևելյան հատվածների նկատմամբ դոմինանտ ռազմաքաղաքական և անվտանգային դիրք ունենալը, որը դրսևորվում է ագրսիվ մեսիջներ ուղարկելով։ Այս ամենը հաշվի առնելով՝ կանգնել և ասել, որ հարցը պետք է տեղափոխենք Արդարադատության միջազգային դատարան, իրականում, մեկ խնդիր է հետապնդում՝ մինիմալի հասցնել ռուսական գործոնն այս տարածաշրջանում և հեղինակազրկել ռուսական միջնորդական առաքելությունը, որն արվում է պլանավորված, համակարգված՝ օրերի և ամիսների ընթացքում։ Սրան հաջորդելու է Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, ինչն ուղեկցվում է հակառուսական հիստերիկ քարոզչությամբ: Իսկ մեդիափաթեթավորում միշտ կարելի է գտնել, որ ՌԴ չի կատարում իր պարտականությունները և այլն։ Այո, ՌԴ-ն գուցե չի կատարում իր պատավորությունները, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ Արցախում հայերի անվտանգության երաշխավորը ռուսական զորակազմն է։ Ինչպես ՀՀ իշխանությունը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունը վիճարկում են ռուսական ներկայությունը ՀՀ տարածքում և այս փուլում ես չեմ կարծում, որ արևտյան մեկ այլ ուժ կստանձնի պատասխանատվություն՝ այս հարաբերական վիճակն Արցախում պահելու։ Խնդիրը ՄԱԿ-ի կամ միջազգային այլ ատյան տեղափոխելն ընդամենը ժամանակի ձգում է։ Միջազգային մեխանիզմների մասին Փաշինյանի հատարարությունները մոլորեցնող են, կեղծ են, որի նպատակն այս տարածաշրջանում ռուսական դոմինանտ ազեցության մաքսիմալ նվազեցումն է և Իրանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր հարձակման համար պարարտ դաշտ ստեղծելը։
- Ըստ Փաշինյանի՝ Արդարարդատության միջազգային դատարանի որոշման
կատարումը գործնականում ապահովելու հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ի՞նչ գործիքակազմ կարող է կիրառվել և ինչպե՞ս։
- ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ամորֆ մարմին չէ, բաղկացած է 15 պետությունից, որից 5-ը մշտական անդամներ են։ Նրանցից յուրաքանչույն ունի իր շահերը, մոտեցումները։ Արևմուտքը մեր տարածաշրջանում մեկ խնդիր ունի՝ ՀՀ իշխանության միջոցով այստեղ մաքսիմալ նվազեցնել ռուսական ազդեցությունը և չեզոքացնել Իրանին։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ պետությունները ցանկություն ունենային այս խնդրին միջամտել, ապա պատերազմից հետո Արցախի և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ դրսևորումները կկարողանային զսպել՝ առնվազն հայտարարությունների մակարդակով։ Մենք, բնականաբար, տեսել ենք հակառակը։ ԵՄ առաքելության գործողությունները նույնպես տեսնում ենք։ Սյունիքի նկատմամաբ ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ արձագանքն ընդամենն այն էր, որ իրենցից ավելին սպասելու կարիք չկա և պետք է բավարարվել միայն դատապարտող հայտարարություններով։ Եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները գտնվում են ամենցածր մակարդակի վրա, եթե մենք արել ենք այնպիսի գործողություններ, որով դրդել ենք Ռուսաստանին աչալրջորեն չվերաբերվել Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններին, եթե միջազգային տաբեր ատյաններում և ներհայաստանյան խոսույթում ակտիվացնում ենք հակառուսական հռետորաբանությունը, ապա ակնկալում ենք, որ Ռուսաստանն իր դաշնակցային հարաբերությունները կատարի՝ չի լինելու։ Եթե Արևմուտքը ոչ մի շոշափելի անվտանգային առաջարկ մեզ չի անում, ապա ստացվում է, որ մենք բոլոր կողմերի հետ, որպես պետություն, մեր հարաբերությունները ոչ միայն փչացնում ենք, հասցնում մինիմալի, դաշնակիցների հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակին, որն էլ խանգարում է ֆինասական, ռազմական օգնությունները ստանալ: Այս ամբողջ պրոցեսից իշխող խունտան ընդամենը իշխանության վերարտադրման խնդիր է լուծում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
- Ի՞նչ կարող է անել ՄԱԿ-ի ԱԽ-ն, գոնե պատժամիջոցներ կիրառել կամ
այլ բան։ Ի՞նչ քայլեր է ակնկալում կամ պատկերացնում վարչապետը։
- Միջազգային հարաբերությունների
մասին խոսելիս՝ գոնե դիվանագիտությունից մի փոքր պետք է հասկանալ։ Ո՛չ դիվանգաիտությունից
է հասկանում, ո՛չ էլ տարրական դիվանագիտական գիտելիքներ ունի կամ էլ ունի, բայց միտումնավոր
մանիպուլացնում է: Հայաստանում նա պարարտ լսարան ունի այն բոլոր ցնդաբանությունների համար, որոնք քաղաքական ռեալիզմի հետ որևէ կապ չունեն