Foto

Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը. Փաշինյան

Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխվորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների  երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական  ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ,  ո՛չ բեռներ: Ավելին՝  արգելվել է նաև Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:  Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է  ու խնդրին պետք է մոտնեալ այս տրամաբանությամբ։ Կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարումը բերել է հումանիտար ճգնաժամի։ ԼՂ բնակչությունը զրկված է գազի, էլեկտրաէներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության իրերի մատակարարումները ԼՂ, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում»,- հայտարարեց վարչապետը։

Նա հավելեց, որ որ ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ Հայաստանն ահազանգում է։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց լուծումների իր տարբերակներից։

«Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևայլն է․ առաջին՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտաիր ուժ ունեցող որոշումնը պետք է կատարվի և  սա միջազգային օրակարգի հարց է՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված՝ ապահովելու Արդարադատության միջազգային դտարանի որոշումների կատարումը։ Երկրորդ՝ պետք է գործարկվի Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք՝ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմնագիր կնքելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ ՀՀ պատվիրությունը մեկնում է հենց այս տրամադրվածությամբ։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան