Հայրս մի խորհուրդ ուներ՝ «Տղա՛ս, այնպես ապրի, որ փողոցում
մարդ տեսնելիս՝ ամոթից մայթը չփոխես»: Չգիտեմ՝ կարողացե՞լ եմ այդպես ապրել, բայց այդ
խոսքերը միշտ հիշժում եմ ու իմ զավակներին կրկնում եմ նույնը: Շատերիս ծնողներն
են նման խորհուրդներ տալիս ու շատերս ենք դա փոխանցում մեր ժառանգներին: Դրանք հենց այն ավանդական արժեքներն են, որ հային հայ են պահել, մարդուն՝ մարդ: Հենց մոռանում ես արժեքը,
այն փոխարինում ես փողով, պաշտոնով կամ այլ մերկանտիլ արարքով, դադարում ես լինել ծնողիդ
ժառանգը, որդուդ ծնողը, մի խոսքով՝ անէանում ես, թեև դեռ քայլում ու ուտում ես:
Դա բնորոշ է վայրի գազանների ոհմակին, որովհետև այդ կենդանախումբը ունի մեկ նպատակ՝
բազմանալ: Դրա համար
նա
հոշոտում է ուրիշներին, իսկ երբեմն էլ, եթե դա պահանջում է ոհմակային
շահը, զոհաբերում է իր անդամներին:
Այն, ինչ այսօր հասարակության մեջ տեղի է ունենում Վիգեն Խաչատրյանի մահվան
շուրջ, բազմաթիվ մտորումների տեղիք է տալիս թե՛ մարդկանց, թե՛ ոհմակին: Կուզեի, որ
ապրեինք մի երկրում, որտեղ մարդիկ համերաշխ են, միմյանց նկատմամբ՝ հոգատար, ստեղծագործ
աշխատանքի լծված: Սակայն, արդեն 5 տարի է, զրկված ենք այդ հնարավորությունից, որովհետև
մեր միջից մի խումբ առանձնացել՝ ոհմակ է դարձել ու հոշոտում է մեր զավակներին, երկիրը,
ապագան ...
Ինչպես ամեն մի
ոհմակ, մեզանից ծնված ոհմակը նաև ներսից է իրեն հոշոտում: Պարբերաբար իրենց շարքերից
մեկին ստիպում են հակասական ու դավաճանական մտքեր արտահայտել՝ իրենց ոհմակապետի վարած
քաղաքականությանը աջակցելու կամ էլ հանրության ուշադրությունը նույն այդ ոհմակապետի
հերթական «փսխոցից» շեղելու համար: Վիգեն Խաչատրյանը բացառություն չէր, բայց հանգիստ
թողենք նրան: Խոսքը վերաբերվում է ոհմակի մյուս անդամներին: Նրանք ներքաշվել են մի
խաղի մեջ, որի կանոններն ամրագրված չեն, ամեն վայրկյան փոփոխվում են՝ կախված ոհմակապետի
տրամադրությունից, ախորժակից ու քմահաճույքից: Բայց բոլորը պետք է իմանան, որ ոհմակում
մի անփոփոխ օրենք կա՝ ոհմակապետը ոչ ոքի հետ չի կիսում իր իշխանությունը, ավարը, իսկ
եթե վտանգ է զգում, զոհաբերում է թուլին, հիերարխիայով իրենից ցածր գտնվողին: Ոհամակի
շարքային անդամների համար այդ զոհաբերությունները դաս են դառնում, որպեսզի հաջորդն
իրենք չլինեն, թեև ոհմակապետը դա չի երաշխավորում:
«Քաղաքացիական
պայմանագիր» ոհմակի յուրաքանչյուր անդամ հենց հիմա տեսնում է, թե ինչպես է զոհաբերվում
ու հոշոտվում իրենց ընկերը, նրա հիշատակը: Նույնն է, թե՝ նրանք կողքից դիտում են իրենց
իսկ հոգեհանգիստը: Ոմանք փորձում են բողոքել դրա դեմ, ոմանք ուղղակի լռում են, ոմանք
քեն են պահում, բայց բոլորն էլ վստահ են՝ ոհմակապետը փնտրում է հաջորդ զոհին և դա կարող
է լինել իրենցից յուրաքանչյուրը:









