ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատություն կկառուցի` 9 կրթահամալիր, 14 դպրոց։ Գործադիրի այսօրվա նիստում այդ մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 224 մլն դրամի չափով՝ գումարն ուղղելով ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
«Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը»,– ասաց Անդրեասյանը։
Վայոց Ձորի մարզում կրթահամալիրների համար ընտրվել է 4 բնակավայր` Արտաբույնք, Քարագլուխ, Արփի և Մարտիրոս գյուղերը, Տավուշի մարզում՝ 5․ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն և Ոսկևան գյուղերը։
Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվեց 224 մլն 100 հազար դրամ։
Նախարարը նշեց, որ առաջիկայում նման կրթահամալիրներ են նախատեսում կառուցել նաև Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։
Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառուցված են ճանապարհներ, լինելու են տրանսպորտային միջոցներ, որոնցով երեխաները կտեղափոխվեն կառուցվելիք դպրոցներ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց, որ դպրոցի շինարարությունը տևում է միջինում 2,5 տարի և վստահեցրեց, որ այդ ընթացքում ճանապարհների ու տրանսպորտի հարցը կլուծվի։









