Երգչուհի Լեդի Գագան և նրա նշանածը՝ Մայքլ Պոլանսկին, փոխնակ մոր օգնությամբ դուստր են ունեցել։ Այդ մասին հայտնում է TMZ-ն։
Զույգի դուստրը՝ Ռոուզ Բին Պոլանսկին, ծնվել է հունիսի 9-ին՝ Լոս Անջելեսում։
Թե ինչու է երգչուհին ընտրել փոխնակ մայրության տարբերակը, հայտնի չէ։ TMZ-ը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել Գագայի առողջական խնդիրների հետ։ Երգչուհին նախկինում բացահայտ խոսել է ֆիբրոմիալգիայի դեմ պայքարի մասին։ Այդ հիվանդությունը կարող է ուղեկցվել քրոնիկ ցավերով և հոգնածությամբ։
«Նույնիսկ այստեղ՝ ձեզ հետ նստած, ես ցավ եմ զգում գլխից մինչև ոտք»,– 2020 թվականին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ասել էր Լեդի Գագան։
2025 թվականին երգչուհին նշել էր, որ կարողանում է վերահսկել ֆիբրոմիալգիան, սակայն իր մոտ դեռ լինում են «ցավոտ օրեր»։
Նորածնի հետ զույգին արդեն լուսանկարել են պապարացիները՝ Հյուսիսային Կալիֆոռնիայում։ Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Լեդի Գագան երեխային պահում սլինգի մեջ՝ մեկ ձեռքով աջակցելով նրան։
Ավելի վաղ Daily Mail-ը, հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրի, գրել էր, որ երգչուհին կարող էր գաղտնի ամուսնանալ Պոլանսկու հետ։ Աղբյուրի խոսքով՝ ծանոթներից ոչ ոք ավելի քան մեկ ամիս չէր տեսել Գագային և նրանից որևէ տեղեկություն չէր ստացել։ Զրուցակիցը ենթադրել էր, որ երգչուհին Պոլանսկու հետ մեկնել է և անցկացնում է մեղրամիսը։
Մեկ այլ աղբյուր էլ նշել էր, որ Գագան միշտ ցանկացել է 40 տարեկանից հետո մեծ ընտանիք ունենալ։









