Foto

Ռուսաստանն այս պահի դրությամբ վիճարկում է մի քանի տարածաշրջանի անվտանգային ճարտարապետություն․ Աբրահամ Գասպարյան

ԱՄՆ-ը մոտ 150 միջուկային զենք է գաղտնի տեղադրել Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Թուրքիայի ավիաբազաներում՝ առանց որևէ պաշտոնական հայտարարության։ Այս մասին հայտարարել է Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) քաղաքականության և հետազոտությունների համակարգող Ալիսիա Սանդերս-Զակրեն։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ։

-           Միջուկային զենքի տեղադրումը Թուրքիայի տարածքում ինչպե՞ս կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ ժամանակին նույն գործողության համար «Կարիբյան կրիզիսն» առաջացավ։

-          Սա նորություն չէ և 2009թ սկսած ՆԱՏՕ-ն իր մարտագլխիկները տեղադրում է եվրոպական տարբեր երկրներում, որպես պահուստային տարբերակ՝ հնարավոր պատերազմի կամ ՆԱՏՕ անդամ երկրներից մեկի նկատմամաբ հարձակման դեպքում կիրառելու համար։ ՆԱՏՕ-ի շրջանակում գոյություն ունի «ատոմային մասնակցության պլան» հասկացությունը, որը ենթադրում է ատոմային զենքի օգտագործման մասնակցային ձևաչափ։ 2005թ, երբ ՆԱՏՕ-ն արդեն ընդլայնվել էր եվրոպական երկրներում, ԱՄՆ-ը փոփոխության ենթարկեց իր քաղաքականությունը՝ հավանաբար կանխազգալով Ռուսաստանից եկող վտանգը։ 2007թ Մյունխենի հայտնի գագաթաժողովից հետո ՌԴ նախագահը հայատարարեց, որ ուժերի հավասարակշռման ձևաչափը չի բավարարում Ռուսաստանին և վերջինս վերանայելու է՝ աշխարհակարգի փոփոխման իր տարբերակն առաջ քաշելով։ Այս ֆոնին ԱՄՆ-ն ավելի ակտիվացավ և բավականին հետաքրքիր սկանդալային նյութ տրամադրեց ամերիկյան մամուլին: Պարզվեց, որ Գերմանիայի և Լուքսենբուրգի ՆԱՏՕ-ի պահեստներում  ավելին քան 30-35 մարտագլխիկ է պահեստավորել՝ կանխազգալով ռուսական հնարավոր ագրեսիան։ Նաև Թուրքիայում կա մոտ 50 միջուկային մարտագլխիկ և սա նորություն չէ՝ 2017թ-ին ամերիկյան մամուլը բացահայտեց այս ամենը։

-          Հիմա, երբ զարտուղի ճանապարհով հայտարարվում է Թուրքիայում նոր միջուկային մարտագլխիկների տեղակայման մասին, դա ավելի չի՞ ամրապնդում Թուրքիայի քաղաքական դիրքերը, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում կարո՞ղ  են սրբագրումներ լինել։

-          Պարզ է, որ Էրդողանի վերընտրությունից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրացնող խումբն ավելի շատ Արևամուտքն է ընտրել։ Մասնագետների համար պարզ է, թե 2016թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, ինչպիսի սև գործակցում է եղել բրիտանական, ամերիկյան և Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև։ Ռուս-թուրքական հարաբերությւոնների մակընթացությունները միշտ երկընտրանքի առաջ են կանգնեցրել թուրքական պետությանը և թուրքերը միշտ հմտորեն կարողացել են մանևրել։

Եթե այս ինֆորմացիան շրջանառվում է, ապա նշանակում է, որ ռուսական հատուկ ծառայությունները դրա մասին ավելի շուտ տեղեկություններ ունեին և իրենց քաղաքականությունը կառուցում են ըստ այդմ։ Անկալալել, որ ինչ-որ պայթունավտանգ իրավիճակ կլինի՝ չեմ կարծում, որովհետև Ռուսաստանն այս պահի դրությամբ վիճարկում է մի քանի տարածաշրջանի անվտանգային ճարտարապետություն։

Հեղինակ: Աննա Ավետիսյան