«Ճանապարհների տեղեկատու» նոր հավելվածն արդեն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։
Այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով «Arm Roads Info»:
Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այն օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ։
Հավելվածով կարելի է նաև տեղեկատվություն ստանալ ոստիկանական բաժանմունքների, հիվանդանոցների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների մասին, ինչպես նաև հնարավոր է հետևել ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների աշխատանքի հետագծին։
«Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) ժամանակակից թվային լուծումներով նոր հավելվածը նախաձեռնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։









