«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է․
«Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա։ Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմությունները՝ Արցախի մշակութային և հոգևոր ժառանագության մասին։
Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի հայկական պատմության, մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ անընդունելի է։ Անընդունելի է նաև նրանց լռությունը, երբ խեղաթյուրվում են պատմական փաստերը, իսկ Արցախում համակարգված կերպով վերացվում է հայկական հետքը։
Ուստի պետք է պահանջներն ու սպասելիքները ճիշտ հասցեագրել։
Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։
Իսկ Արցախի մշակութային և հոգևոր կոթողները, իհարկե, հայկական են։ Այլ հարց է, որ օրվա իշխանությունները վախենում են բարձրաձայնել անջնջելի իրականությունը մեր պատմական հայրենիքի վերաբերյալ:









