Հայաստանի և Ռուսաստանի հանրային, քաղաքական, փորձագիտական շրջանակների մասնակցությամբ, 2023 թ. հունիսի 7-ին, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունն ու «Արարատյան ալյանս» ինստիտուտը:
Մասնակիցները մասնագիտական-փորձագիտական կարծիք հայտնեցին 2022 թ.հոկտեմբերին «Արարատյան ալյանս» ինստիտուտի՝ Երևանում կազմակերպած համաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթղթի վերաբերյալ,քննարկեցին Հարավային Կովկասում և հայկական զույգ հանրապետություններում ստեղծված ռազմաքաղաքական և անվտանգային դրությունը:
Համաժողովը միարժեք գնահատեց փաստը, որ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային սպառնալիքների չեզոքացումը ենթադրում է համազգային ուժերի և ռեսուրսների մեկտեղում, Հայաստանում գործող իշխանության և նրա վարած հակապետական քաղաքական կուրսի շտապ փոփոխություն, դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում,հետպատերազմյան Հայաստանի տնտեսության վերակենդանացում:
Խորհրդաժողովի մասնակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումը կազմակերպել առաջիկայում՝ Հայաստանում:









