Foto

Թուրքիան Հայաստանի հետ խաղում է բաց ու թափանցիկ

Դեռևս մայիսի 28-ի ուշ երեկոյան, երբ նոր-նոր հայտնի դարձավ Էրդթղանի վերընտրվելու մասին լուրերը, Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց նորընտիր Էրդողանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուղղակիորեն ՀՀ ներքին գործերին միջամտող, «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման ապամոնտաժում պահանջող, Փաշինյանին սպասարկող ինքնաթիռի համար օդը փակող և Ադրբեջանի ռազմական հարձակումներին ուղիղ և անուղղակի աջակցող Թուրքիան ՀՀ-ին հրավիրել էր մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, իսկ ՀՀ-ն որոշել է այդ հրավերին արձագանքել ամենաբարձր մակարդակով հունիսի 3-ին Փաշինյանը կատարեց իր առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Այսինքն, ՀՀ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մասնակցեց երդմնակալության արարողությանը, թեև, շատ երկրներ նման արարողությունների ուղարկում են կառավարության ավելի ցածրաստիճան պաշտոնյաների, որն այս դեպքում գուցե ավելի տեղին լիներ, հաշվի առնելով վերջին, մեղմ ասած, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններում բացասական զարգացումները։ Անկախ Թուրքիայի քաղաքականությունից, ռեալ քայլերից ու սպառնալիքներից, Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել կարգավորել երկկողմ հարաբերությունները՝ անտեսելով Թուրքիայի բոլոր հակահայկական քայլերը, որոնք շարունակվում են մինչ այսօր։ Ըստ էության՝ ոչինչ չի խանգարում, որ բացվի սահմանը, սակայն Թուրքիան յուրաքանչյուր հնարավորություն Հայաստանի դեմ որպես լծակ է օգտագործում, այդ թվում՝ իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ։

Եթե Թուրքիան օդային տարածքը դեպի երրորդ երկրներ փակվում է մի աննշան թեմայի պատճառով, ապա կասկածից վեր է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին այսօր խոսելու հիմքեր բացարձակ չկան։ Թուրքիան չափազանց կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի՝ Թուրքիային ընդառաջ բոլոր աննախադեպ քայլերը չեն կաշկանդում այդ երկրին՝ անել հակահայկական քայլեր, հրապարակային սպառնալիքներ հնչեցնել, պատժամիջոցներ կիրառել։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղը Թուրքիան, ինչ-որ անհասկանալի պատճառով, չի դադարեցնի Երևանի հետ բանակցությունները, եթե դրանք ընդհանրապես կան այսօր։

ՀՀ օրվա իշխանությունները խորը մոլորության մեջ են, եթե կարծում են, որ նման քայլերով հասնելու են նրան, որ Թուրքիան բացի սահմանը, մոռանա բոլոր հարակից այլ նդիրների մասին: Ավելին՝ դա ապացուցելու ենթակա էլ չէ, քանի որ վերջին զարգացումներն են դա ցույց տվել։ Անգամ քննարկման թեմա չի, որ Թուրքիայի համար Ադրբեջանի հարցերը, Արցախի խնդիրը ունեն ոչ միայն առանցքային այլև արմատական նշանակություն։ Պրիմիտիվիզմ է՝ կարծել, որ այսօր Թուրքիայի կողմից առաջ քաշված արձանի ապամոնտաժման պայմանը  ոչ միայն չի վերացվելու, այլ վաղը կարող է մեկ այլ՝ ավելի հակահայ պայման ի հայտ գալ։ Էրդողանը վերընտրությունից հետո ավելի վստահ է գործելու, և հայ-թուրքական կարգավորում լինելու է միայն Թուրքիայի բոլոր պայմանների կատարումից հետո, իսկ այդ պայմանների շարքում նաև Ադրբեջանի պայմաններն են։ Իրականում հենց դա է պատճառը, որ Թուրքիան չի շտապում, քանի որ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար շահ չունի։

Տեղի ուենցողը Թուրքիայի կողմից առաջ քաշած արհեստական գործընթաց է, որն ուղղված է Հայաստանին լիովին «սանձելուն», այլ բարդ ու կոնսպիրոլոգիական տեսություններ փնտրել պետք չէ։

Արմեն Հովասափյան