Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու, որպես հետևանք, «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ։ Սակայն, այդ քարոզչությունը բութ է ու կացնային, ինչպես այն ներկայացնող դեմքերի մեծ մասը, և չի հենվում թմբկահարվող ցուցանիշների կառուցվածքի, դրանք պայմանավորած օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների և բազմաթիվ այլ երևույթների վրա, որոնք, բացի զգայական հրճվանքից, նաև ուղեղի աշխատանք են պահանջում։ Քարոզչությունն ու քարոզիչները, հասկանալի է, նման խնդիր չունեն, նրանց նպատակն է՝ հանրության ուղեղը լվանալ այնպես, որ պրոպագանդայի միջին վիճակագրական սպառողն ամեն օր մտածի «այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլն է տվել» տրամաբանությամբ։
Փաշինյանական քարոզչության առանձնահատկություններից մեկը կամ գլխավորն այն է, որ կենտրոնանում է միայն իրականության դրական կամ որպես դրական ներկայացվող կողմերի վրա՝ խորամանկորեն անտեսելով կամ լղոզելով նույն իրականության բացասական, գոյաբանական սպառնալիքի հասնող կողմերը։ Ներկայացնելով հայկական «տնտեսական դրախտը»՝ Նիկոլը կա՛մ չի խոսում անվտանգային դժոխքի մասին, որում գտնվում է Հայաստանը, կա՛մ, խոսելիս, դա բարդում է բոլորի վրա, բացի իր վարած խայտառակ քաղաքականությունից։ Այսինքն՝ տնտեսական հաջողություններն (իրականում դրանք առավելապես արտաքին գործոններով, ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ՀՀ տեղափոխվածների ու դրամական միջոցների հոսքով պայմանավորված ժամանակավոր զարգացումներ են) իրենն են, ապահովվել են իր շնորհիվ, իսկ երբ խոսքն արտաքին սպառնալիքների, Հայաստանի՝ մազից կախված անվտանգության, Արցախի հանձնման մասին է, մեղավոր են բոլորը՝ տուրբուլենտ աշխարհը, միջազգային խառը իրադրությունը, փլվող աշխարհակարգը, հայի բախտը։
Եթե մի փոքր ալեգորիկ ներկայացնենք, իշխանական քարոզչության հիմքում դրված է «լափ՝ հայրենիքի դիմաց» սկզբունքը։ Դա, թեև ոչ ամբողջությամբ, դեռևս աշխատում է․ քաղաքացիների առնվազն մի հատված Արցախից հրաժարումն ու անվտանգային խնդիրների առկայությունն արդարացնում է տնտեսական հաջողություններով։ Ավելին, նման էժանագին քարոզչությունը շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության՝ ոչ թե ստամոքսով, այլ ուղեղով առաջնորդվող հատվածն իշխանությանը չի հակադրել «հայրենիք՝ լափի փոխարեն» կոնցեպտը։ Դրա արտահայտման ձևերն ու ձևաչափերը կարող են տարբեր լինել, թեև ընդհանուր առմամբ հանգում են էլիտաների կողմից այդ մոտեցումը ներկայացնելուն։ Բայց այդ կոնցեպտը կարող է կենսունակ լինել և իրապես հակադրվել իշխանության սպառողական մոտեցմանը՝ միայն այն դեպքում, երբ դա լինի ոչ թե սոսկ գեղեցիկ կարգախոս, այլ իրական, այդ թվում՝ զրկանքներ կրելու պատրաստակամություն։ Սակայն, հասարակությունից նման զոհողություն պահանջելուց առաջ, այդպիսի պատրաստակամություն պետք է հայտնեն էլիտաները, եթե իշխանության այդ բանաձևի սպառողն ու շահառուն չեն։
Արմեն Հովասափյան









