Foto

Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով. Միրզոյան

Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացներով եւ մտահոգություն հայտնել առ այն` Ադրբեջանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտնել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքը:

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քկմ տարածքով, բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ դա նշվել է, որ երկրները ճանաչել են միմյանց այդ թվերով. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 քկմ-ով: Դրանից հետո Ադրբեջանի կողմից հրապարակային կամ ոչ հրապարակային հերքում չի արվել»,- արձագանքելով հարցին` նշել է ԱԳ նախարարը:

«Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվեն սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները»,- հետաքրքրվել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն եւ հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնելու Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- ասել է նախարարը: