Foto

2 ժամվա ընթացքում հնարավոր եղավ ամբողջությամբ վերականգնել պացիենտի աջ ձեռքի աշխատանքը

 «Երևան» բժշկական կենտրոնի  վնասվածքաբան, օրթոպեդ Կարեն Մարտիրոսյանը Vesti.am-ի հետ զրույցում պատմել է իր՝ հարազատ կլինիկա վերադարձի և ԲԿ-ում ստեղծվող նոր հնարավորությունների մասին, ինչպես նաև՝ մասնագիտական հմուտ աշխատանքի հնարավորություններից։

Պարո՛ն Մարտիրոսյան, վերադարձել եք հարազատ բուժկենտրոն, ի՞նչ հնարավորություններ ունի այսօր «Երևան» ԲԿ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը, և ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում։

- Ուրախ եմ հարազատ կլինիկա վերադառնալու համար։ Հույս ունեմ, որ հնարավոր կլինի վերակենդանացնել, թարմացնել հիվանդանոցի աշխատանքն՝ ընդհանրապես, և հատկապես՝ վնասվածքաբանական բաժանմունքը։ «Երևան» բժշկական կենտրոնը պատկանում է Քաղաքապետարանին, ուստի մենք կարող ենք սպասարկել քաղաքում եղած վնասվածքները՝ սկսած կենցաղայինից, վերջացրած՝ բարձր էներգետիկ վնասվածքները՝ ավտովթարներ, լուրջ պատահարներ, զինվորական վնասվածքները։ Հիմա ամեն ինչ անում ենք որակի էլ ավելի բարձրացման և գերժամնակակից հնարավորություններով կենտրոն դառնալու համար։

- Պացիենտներն ի՞նչ հիմնական խնդիրներով կարող են դիմել բուժկենտրոն, ի՞նչ հնարավորություններ ունի բուժկենտրոնը ներկայումս։

- Կենտրոնի հնարավորությունները գնալով լայնանում են։ Գերթե չկա մի մակարդակի վնասվածք, որը մենք չենք կարող սպասարկել։ Սպասարկում ենք նաև բազմակի համակցված վնասվածքներով բուժառուներին՝ ինչն այսօր համարվում է բարդագույնը մեր մասնագիտության մեջ։ Ունենք լավագույն արդյունքները։

- «Երևան» ԲԿ-ն արդեն գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Մոտ ապագայում, բուժծառայության որակով պայմանավորված, Ձեր բաժանմունքում ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում, հատկապես՝ օրթոպեդիայի ոլորտում:

- Ամբողջ անձնակազմի և ադմինիստրացիայի կողմից տեսնում եմ մեծ պատրաստակամություն և գործուն քայլեր։ Այս ամենում խնդիրը, ցավոք սրտի, ֆինասներն են։ Պետական բյուջեն որոշ չափով սահմանափակ է, ինչի հետևանքով էլ նոր սարքավորումների ձեռքբերումը ժամանակտար է, բայց ամեն դեպքում մենք անձնակազմ ենք պատրաստում։ Բժիշկներն անցնելու են շատ լուրջ վերապատրաստումներ, դրա համար մշակված է ծրագիր, որը նախատեսվում է նաև հանրապետությունից դուրս։ Մեր նպատակն է առաջին հերթին օգնել մեր բնակչությանը, ցույց տալ այնպիսի բուժօգնություն, որը կօգնի քաղաքացիներին՝ բարելավել իրենց կյանքի որակը։

-Վերջին բարդ դեպքը, որը սպասարկել եք։

- Զոհված զինծառայողի ծնողն ուներ ուսահոդի լուրջ վնասվածք, բավականին դեպրեսիվ վիճակում էր, հիասթաթված էր, բացարձակապես չուներ աջ ձեռքի ֆունկցիա։ Նորագույն մեթոդների կիրառմամբ՝ 2 ժամվա ընթացքում հնարավոր եղավ ամբողջությամբ վերականգնել աջ ձեռքի աշխատանքը։