Foto

Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ և ամենաթանձր հարցին, որն առկա է հանրության շրջանում: Իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ, այո՛, ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային, հիմնական բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը և երկրորդը՝ խաղաղությունը: Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին: Որովհետև, ի վերջո, մենք խոսում ենք ազատությունների մասին, բայց ազատությունն ինքը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը:

Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանի Հանրապետությունում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ և կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի բերած արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև երկրի բարեկեցությունը: Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք, իհարկե, պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած նախադրյալները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն»,-ասել է նա: