Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հինգ տարիների ընթացքում գրեթե բոլոր
կարևոր հարցերում արել է քայլեր, որոնք արմատապես հակասել են իր իսկ
հայտարարություններին։ Պարբերաբար նա խոստացել է մի բան՝ արել հակառակը։
Ասվածի օրինակներն շատ են և վերաբերում են պետության ու հասարակության
կենսագործունեության բոլոր բնագավառներին։ Բայց այդ օրինակներից ամենացցունն, իհարկե,
Արցախի վերաբերյալ նրա հայտարարություններն ու վարած քաղաքականության տրամագծորեն
հակառակ արդյունքներն են։
Բոլորս ենք հիշում, երբ մեր աչքի առաջ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսօր արդեն՝ ընդամենը հինգ տարի անց, նա գրեթե նույն պաթոսով հայտարարում է, որ «Արցախը Ադրբեջան է, և վերջ» (բառացիորեն փաստելով, որ, Արցախը ներառվում է Ադրբեջանի 86.6 հազ․ քկմ-ի մեջ, որը ճանաչում է Հայաստանի իշխանությունների կողմից)։ Իր այս պնդումները նա հաստատում ու մեկնաբանում է այնպես, թե ինքն «անկեղծ է հասարակության հետ», որ «ոչինչ չի թաքցնում ժողովրդից», որ մեզ «20 տարի խաբել են՝ բանակցել են մի բան, ասել՝ լրիվ այլ բան» և այլն։ Ըստ էության՝ Հանրապետության Հրապարակում հայտարարած այն միտքը, թե ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է բավարարի ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին, նույնպես այդ «խոսք-գործ» տարբերութունների շարքից է։ Արդյունքը եղավ այն, որ Արցախի մեծ մասի հանձնումը բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին, որը, բավարարվածության առաջին ալիքից հետո, հիմա էլ հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքներին։
Այլ կերպ ասած՝
կյանքը ցույց տվեց, որ, հատկապես Արցախի հետ կապված, Փաշինյանի որևէ հայտարարություն
վտանգավոր է, որովհետև դրանից հետո ամեն ինչ անում է հակառակ արդյունքն ապահովելու
համար։ Այդ տեսանկյունից նրա հայտարարությունները՝ «Արցախում ապրող հայերի
անվտանգության և իրավունքների պաշտպանության մասին», պետք է ընդունել, որպես ապագայում արցախահայությանը
սպասվող անվտանգության լրջագույն սպառնալիք և իրավունքների ոտնահարում, որը տեղի
է ունենում արդեն այսօր։ Եվ երբ Նիկոլը հայտարարում է նաև, թե Ադրբեջանն արցախահայերի
համար ներկայացնում է ցեղասպանության, էթնիկ զտման սպառնալիք, և Հայաստանը պայքարում
է դրա դեմ, դա պետք է ընդունել ճիշտ հակառակ իմաստով՝ Հայաստանը, Փաշինյանի
գլխավորությամբ, անելու է ամեն ինչ՝ արցախահայերի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը
կյանքի կոչելու համար։
Արմեն Հովասափյան









