Foto

Մեզ պաշտոնապես կնքված, ստորագրված փաստաթուղթ է պետք՝ վավերացված Ազգային ժողովի կողմից, բաց քվերակությամբ․ Դավիթ Բաբայան

«Մենք պետք է անուն առ անուն ճանաչենք նրանց, ովքեր կքվեարկեն Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին»։ Երեկ նման հայտարարություն արեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Քաղաքագետների շրջանում այն միանշանակ չընդունվեց։ Թեմայի վերաբերյալ Vesti.am հարցեր է ուղղել Դավիթ Բաբայանին։

Պարո՛ն Բաբայան, ինչո՞վ կարող է անձերի անունների իմացությունն օգնել կամ աջակցել Արցախին։

Պատմության համար է։ Դուք, ի՞նչ է, կարծում եք՝ ոչ մեկ պետք է չիմանան, թե ո՞վ, ո՞նց է քվեարկել։ Ես կարծում եմ, որ պարտավոր են իմանալ։ Ուրեմն, մեզ հանձնեն Ադրբեջանին, մենք էլ գոնե չիմանանք՝ ով է պաշտոնապես ստորագրել դրա տակ։

Ճի՞շտ հասկացա՝ պետք է ոչինչ չանե՞լ, սպասել՝ քվերակեն, և պատմություն համար տեղեկություննե՞ր հավաքագրել։

Չեմ ասում ոչինչ չանել։ Դրա համար մենք կոչ ենք անում, ասում ենք դա ճիշտ չէ։ Եթե այդ կոչերին արձագանքում են մարդիկ, ովքեր որոշում  են  կայացնում, եթե ժողովուրդն անտարբեր չէ՝ սա ցանկության խնդիր է։ Մենք ուզում ենք իմանալ անուններ, որ հետագայում մեզ համար պարզ լինի, թե մենք ո՞վ ենք, ի՞նչ պետք է անենք, ի՞նչ  ազգի ենք պատկանում։ Սա չափազանց կարևոր է։

Ինչպես Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումների դեպքում, հիմա էլ ենթադրելի է՝ ՔՊ բոլոր պատգամավորները կողմ կքվեարկեն։ Այդ անունները ի՞նչպես կօգնեն Արցախն Արդբեջանին չհանձնելուն։

Թող քվերակեն։ Արցաին դա պետք է պատմության համար, որ վաղը որևէ մեկը չվնգստա և չհաչի Արցախի դեմ և ասի՝ մենք չենք մեղավոր, դուք եք փոքրոգի դորս եկել և չեք պաշտպանել։  Մենք պետք է իմանանք, թե ովքե՞ր են նման որոշումներ կայացնողները։

Այդ ժամանակ արդեն ուշ չի լինի՞։

Մենք չենք ասում՝ սպասենք դրան, մինչ այդ՝ պետք է աշխատենք։ Թող ժողովուրդն իր կարծիքը հայտնի, դեբատներ լինեն։ Այն հայերն ովքեր ուզում են Արցախը հանձնեն Ադրբեջանին՝ ամենայն հավանականությամբ հայ չեն։

Պարո՛ն Բաբայան, ոչ թե ուզում են հանձնել, այլ Հայաստանի իշխանությունը հստակ հայտարարեց, որ հանձնում է։

Այդպիսի բան չկա: Եթե ազգը չի ուզում, ո՞նց են հանձնում։ Մեզ պաշտոնապես կնքված, ստորագրված փաստաթուղթ է պետք՝ վավերացված Ազգային ժողովի կողմից, բաց քվերակությամբ։ Հետո տեսնենք՝ ժողովուրդը, Դուք, իսկապես ցավո՞ւմ եք Արցախի համար։ Սա հայության համար է, թող Աստված էլ տեսնի՝ ով-ով է, հետո մենք կորոշենք մեր ապագան։ Մինչ այդ, եթե բոլորը լռում են, գնում են խնջույքների, ոչ մեկին պետք չի Արցախը՝ չիմանանա՞ք, թե մեր հասարակությունը ո՞նց է մտածում։ Քրիստոսին, որ խաչել են՝ Պիղատոսն ինքնուրո՞ւյն է որոշել, ոչ՝ ժողովուրդն է որոշել, ասել՝ սպսնեք իրեն։ Ասել են խաչեք, սպանեք, գող-ավազակին դուրս բերեք։ Հետո ի՞նչ եղավ Երուսաղեմի հետ։ Հիշենք այդ ամենը, դեռևս ժամանակ կա՝ խուսափելու այդ սարսափելի երևույթներից։

Հեղինակ: Աննա Ավետիսյան