Երեկ մահացած զինծառայողը, որի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն արդեն երկու օր է տեղեկություն չեն հայտնում, Նարեկ Թորոսյանն է: Նա 20 տարեկան էր, Չարենցավանից, Ռուս-հայկական համալսարանի ուսանող էր: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատության» հետ զրույուցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ինքնասպանություն է տեղի ունեցել, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:
«Ազատություն»-ը այս տեղեկությունը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:
Չարենցավանի համայնքապետն ասաց, որ լավ է ճանաչում Նարեկ Թորոսյանի ընտանիքին: «Նորմալ ընտանիք են», - նշեց Շահգալդյանը:
«Երեկ տեղեկացվել ենք, քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից երեկ գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», - ասաց համայնքապետը:
Զինծառայողի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ, Նարեկը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին, վերջերս արձակուրդ էր եկել:
Երիտասարդի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը Ճամբարակում էր ծառայում:
«Բարձր առաջադիմությամբ, զուսպ, շատ լավ երեխա էր», - ասաց Բաբայանը:
Այս տարեսկզբից մինչև այժմ պաշտոնապես ութ զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։









