Նիկոլ
Փաշինյանը վախենում է հարցումներից՝ փայլուն գիտակցելով, որ Հայաստանում այսօր այլևս
վարկանիշ չունի։ Օրերս ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) հրապարակած
սոցհարցումների տվյալները, բառի ամենաուղիղ իմաստով, ապտակ էին Փաշինյանի ու նրա իշխանության
համար։
Ի դեպ՝ հետազոտության
թվային տվյալներն արդեն իսկ քննարկվել են ամենատարբեր հարթակներում, դրանց հանրագումարային
արդյունքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես,
իսկ նրա իշխանությունը՝ հավաքականորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է լեգիտիմությունից,
հանրային աջակցությունից՝ երևույթի ինչպես էլեկտորալ-թվաբանական, այնպես էլ՝ բովանդակային
իմաստով։ Հարցումները ցույց են տալիս ոչ միայն Փաշինյանի անհատական վարկանիշի գահավիժումը՝
14 տոկոս։ Շատ ավելի կարևոր է հարցվածների 52 տոկոսի կողմից տրված գնահատականը, որ
երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ։ Այսինքն, հասարակության կեսից ավելին դեմ է Նիկոլի
կողմից «անհոգնել» իրականացվող կեղծ «խաղաղության
օրակարգին»՝ Արցախի հանձնումով, Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմամբ և դրանից բխող
բոլոր հետևանքներով։
Հավելենք, որ հրապարակած հետազոտությունը պարունակում է բազմաթիվ այլ, այդ թվում՝ ոլորտային ցուցանիշներ, որոնց համադրությունն ու վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան նախկին այն ղեկավարները, ում դեմ նա՝ որպես ընդդիմադիր գործիչ, «անհոգնել» պայքարում էր՝ դրոշակի պես ծածանելով նրանց «ոչ լեգիտիմությունը»։ Ընդ որում, կարևոր է, որ եթե նախկինում այդ ղեկավարներն ունեին առավելապես էլեկտորալ լեգիտիմության խնդիր, ապա Փաշինյանի դեպքում ոչ լեգիտիմությունը նաև գործառնական է՝ հանրությունը դեմ է այն ամենին, ինչ «ժողովրդավարության բաստիոնի» միանձնյա ղեկավարն անում է՝ թքած ունենալով իրեն վստահության քվե տված հասարակության կարծիքի վրա։ Ըստ էության՝ այս հարցումն այն մասին է, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ստացած այդ «պողպատյա մանդատը» ժանգոտել է ու դարձել մետաղաջարդոն, որի տեղն աղբանոցն է, այս դեպքում՝ քաղաքական։
Հարցումների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք իրականացվել են ոչ թե հայաստանյան քաղաքական ուժերից որևէ մեկի պատվերով, քարոզչական նպատակներով, այլ ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում դրանք չի կարող վերագրել «հինգերորդ շարասյանը»։ Ադնուհանդերձ, չպետք է բացառել, որ այս հարցումներն իրենց մեջ որոշակի քաղաքական ուղերձ են պարունակում Նիկոլին, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա կորցրել է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լեգիտիմությունը, և նրա շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական կոնսենսուսը դադարել է գործել կամ փլուզման եզրին է։ Եվ, չնայած այդ շերտերը նույնպես կարևոր են, այս հարցումների հասցեատերը հայ հասարակությունն ու առաջին հերթին՝ հայկական քաղաքական համակարգն է, կամ այն, ինչ մնացել է դրանից։ Ներքին ու արտաքին լեգիտիմությունից զուրկ իշխանության պահպանումը, ի թիվս այլ իրողությունների, վկայում է նաև քաղաքական համակարգի, ընդդիմադիր ձևաչափերի ոչ կենսունակության ու քաղաքական մեխանիզմի դեգրադացման մասին։
Արմեն Հովասափյան









