Foto

Սպորտի ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությանը՝ ԵՄ-ում Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչության կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով խորհրդական (Բրյուսել) Ալեքսանդր Հյուստինգի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սպորտի ոլորտում միջազգային կապերի զարգացումը, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ ամրագրված են ոլորտի կարևոր թիրախները․ բացի մարզական նվաճումներից՝ սպորտը դիտարկվում է նաև հանրային առողջության, ֆիզիկական ակտիվության և կյանքի որակի բարելավման կարևոր բաղադրիչ։ Նախարարը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների զգալի մասը միտված է սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու հնարավորությունները հասանելի լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերում, տարբեր տարիքային խմբերի և բնակչության բոլոր շերտերի համար։

Նախարարը կարևորել է նաև երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը սպորտում՝ ընդգծելով, որ սպորտային մշակույթը պետք է ձևավորվի վաղ տարիքից։ Այս համատեքստում անդրադարձ է եղել  դպրոցահասակ երեխաների շրջանում անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին։

Նա անդրադարձել է նաև տվյալահեն քաղաքականությունը՝ նշելով, որ մշակվում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը պետք է ապահովի տվյալների կենտրոնացումն ու միասնական իրավական կարգավորումները՝ նպաստելով կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։

ԿԳՄՍ նախարարն առանձնակի շեշտել է Եվրոպայի և աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ ներկայացնելով միջազգային սպորտային մրցաշարերի հյուրընկալման պետական քաղաքականությունը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտային խոշոր միջոցառումները նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, և Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին դրական փորձ է կուտակել։

Անդրադարձ է եղել առաջիկա տարվա խոշոր միջազգային մրցաշարերին,  այդ թվում՝ ծանրամարտի աշխարհի և մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին, Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին, ինչպես նաև Վրաստանի հետ համատեղ ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացմանը։ Նշվել է, որ այս նպատակով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում և Իջևանում:

Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Հյուստինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը սպորտի ոլորտում։  Նշվել է, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Եվրոպայի խորհրդի Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին (EPAS), որի նպատակն է նպաստել անդամ պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի սկզբունքների արդյունավետ կիրառմանը:

Պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի քննարկելու 2021 թվականին վերանայված Եվրոպական սպորտային խարտիայի իրականացման ընթացքը։ Ալեքսանդր Հյուստինգի խոսքով՝ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի համար սպորտի քաղաքականության հիմնական ուղենիշն է։ Այն արտացոլում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Խարտիան խթանում է էթիկայի, ներառականության, կայունության, բոլորի համար հասանելիության, արդյունավետ կառավարման, բարեվարքության, կրթության և առողջության սկզբունքների վրա հիմնված  սպորտի մոդելը։

Այցի շրջանակում Եվրոպական մարզական խարտիայի պատվիրակությունն այցեր է կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆուտբոլի ակադեմիա, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, մի շարք այլ մարզական ենթակառուցվածքներ: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, Հակադոպինգային գործակալության, Պարալիմպիկ կոմիտեի, Համահայկական կամավորական միության ներկայացուցիչների, մարզական լրագրողների, ինչպես նաև մի շարք պրոֆեսիոնալ մարզիկների հետ: