Foto

Իրանը պատրաստակամություն է հայտնել լուծել Լիբանանում էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է լուծել Լիբանանում էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը երկրի հետ երկկողմ համագործակցության միջոցով եւ ի հեճուկս ԱՄՆ-ի պատժամիջոցների, հաղորդում է Mehr-ը:

Ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ իր եռօրյա այցի ընթացքում լիբանանցի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Իրանը կարող է լուծել այդ խնդիրը՝ պայմանով, որ երկու երկրների միջեւ ձեռք բերվի համատեղ համագործակցության համաձայնագիր: «Իհարկե, ԱՄՆ-ի ճնշումը եւ պատժամիջոցների վերաբերյալ վախի սրումը այս առումով խնդիրներից են, բայց դուք պետք է իմանաք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ձախողվել են»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Իրանը, որը գտնվում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների ներքո, էլեկտրաէներգիա եւ նավթ է արտահանում որոշ երկրներ, օրինակ՝ Իրաք:

«Հաշվի առնելով Իրանի հնարավորությունները՝ էլեկտրաէներգիայի եւ գազային ոլորտներում համագործակցությունը շահավետ եւ երկկողմ բիզնես է ինչպես Լիբանանի, այնպես էլ Իրանի համար, եւ, իհարկե, այն օգնում է բարելավել լիբանանցի ժողովրդի բարեկեցությունը»,-ասել է Աբդոլլահիանը։

Թեհրանն ու Բեյրութն առաջ են տանում բանակցություններն այս ուղղությամբ, ասել է Ամիր Աբդոլլահիանը ՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան գործնական քայլեր ձեռնարկել Լիբանանում քաղաքական գործընթացների եւ երկրի նախագահական ընտրությունների ավարտից հետո:

Լիբանանը հայտնվել է վառելիքի լուրջ ճգնաժամի մեջ, որի հետեւանքով շատ տնային տնտեսություններ եւ ձեռնարկություններ տառապում են էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներից, իսկ երկրի տնտեսական անկումը 2019 թվականից ի վեր դանդաղեցրել է վառելիքի ներմուծումը պետական ձեռնարկությունների համար:

Խոսելով Լիբանանի քաղաքական խնդիրների մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը միշտ աջակցել է լիբանանյան կուսակցությունների միջեւ ցանկացած համաձայնության եւ կօգտագործի իր հնարավորությունները՝ օգնելու արաբական երկրին ավարտին հասցնել քաղաքական գործընթացը:

Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան կվերաբացեն իրենց դեսպանատներն ու գլխավոր հյուպատոսությունները առաջիկա օրերին, գրեթե երկու ամիս անց, երբ երկու տարածաշրջանային երկրները պայմանավորվել էին կարգավորել յոթ տարի առաջ խզված հարաբերությունները:

«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների միջեւ վերջին հեռախոսազրույցի ժամանակ (ապրիլի 21-ին) մենք պայմանավորվեցինք առաջիկա օրերին երկու երկրներում բացել մեր դեսպանատներն ու գլխավոր հյուպատոսությունները»,-ասել է նա։  

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը դրական արդյունքների կհանգեցնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Լիբանանի համար, եւ նոր էջեր կբացի նրանց միջեւ կապերի մեջ:

Նա հավելել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդին՝ այցելելու Թեհրան, որն իր կողմից ընդունվել է:

Աբդոլլահիանը նաեւ նշել է, որ իր սաուդցի գործընկերն իրեն նույնպես հրավիրել է պաշտոնական այցով այցելել Էր Ռիադ՝ հավելելով, որ «այցերի ժամանակը կհայտարարվի դիվանագիտական ուղիներով»։

Մի քանի օր տեւած ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Չինաստանում, մարտի 10-ին Իրանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ դեսպանատների եւ ներկայացուցչությունների աշխատանքը վերականգնելու մասին՝ յոթ տարվա հարաբերությունների սառեցումից հետո երկու ամսվա ընթացքում: