1990 թվականին նույն վիճակն էր, բայց այդ վիճակը ստացավ իր զարգացումը և, այնուամենայնիվ, մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցին, և ունեցանք 1994 թվականի հրադադարը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
«Մենք առայժմ փորձում ենք եղած հնարավորություններն արդյունավետ կառավարել։ Հիմա չպետք է խոսենք պատերազմի մասին, պետք է խոսենք առկա հնարավորություններն օգտագործելով՝ պատերազմից խուսափելու մասին», - ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, թե մարդիկ ամբողջությամբ շրջափակման մեջ են Արցախում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ուրեմն՝ այդ պայմաններում էլ պետք է կարողանալ և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին»։
Անդրադառնալով Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետ տեղադրելու փաստին, նա ասաց. «Էնքան խոսեցիք՝ Արցախի ճանապարհը փակվեց: Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, իսկ բաց ճանապարհները, եթե չկա հասկացվածություն, մի օր փակվում են: Այդ հարցերը լուծվելու են համբերատար, միասին: Բլոկադաները 4 ամսից երկար էլ են տեւում, երբ դիմանում ես, դու հաղթում ես:
Տեղադրված անցակետը գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն էդտեղ, թե չկան: ՌԴ-ն պատասխանատվություն է ստանձնել եւ պետք է դա իրականություն դարձնի: Հայաստանն էլ իր մասով պետք է անի»:









