Foto

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, եւ վարույթը շուտով փոխանցվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Սահակյանի պաշտպանների տարածած հայտարարությունից:

«Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն ի սպառ բացակայում է, իսկ թեթեւ մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաեւ արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջեւ հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաեւ դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։

Որպես դրական երեւույթ՝ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը, եւ հույս ենք հայտնում, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի։

Պաշտպաններ՝

Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Մելիքյան»,- նշվում է հայտարարության մեջ: