Foto

Թուրքիան կվերահաստատի աջակցությունը Սուդանի ինքնիշխանությանը․ սպասվում է Ֆիդան–Սալեմ հանդիպում

Սուդանի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Մոհիեդդին Սալեմը հուլիսի 28-29-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում: Այցի շրջանակներում նա առանձնազրույց կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Թուրքական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ սպասվող հանդիպման ընթացքում Ֆիդանը վերահաստատելու է Անկարայի աջակցությունը Սուդանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ընդգծելու է երկրում կայուն խաղաղություն հաստատելու թուրքական կողմի ջանքերը:

Օրակարգում են լինելու նաև երկկողմ տնտեսական, առևտրային, էներգետիկ, կրթական ու մշակութային կապերի խորացումը, Սուդանին տրամադրվող հումանիտար աջակցությունն ու թուրքական ընկերությունների մասնակցությունը՝ Սուդանի վերականգնման աշխատանքներին: Կողմերը մտքեր կփոխանակեն նաև «Աֆրիկայի եղջյուր»-ի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ:

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայի և Սուդանի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի միջև։

Հավելենք, որ չնայած Սուդանում շարունակվող հակամարտությանը, 2025-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 390 մլն դոլար: Բացի այդ, 2024-ի ամռանից ի վեր Թուրքիան 8 նավով մոտ 12.000 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սուդան: