Foto

Հայաստանը ցածր ծնելիություն և արտագաղթի խնդիր ունեցող երկրների շարքում է․ Ծովինար Հարությունյան

«8 մլրդ կյանք, անսահման հնարավորություններ՝ ի պաշտպանություն իրավունքների և հնարավորությունների». այս խորագիրն է կրում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հրապարակած «Աշխարհի բնակչությունը՝ 2023թ.-ին» զեկույցը, որը նվիրված է 8 մլրդ բնակչություն ունեցող աշխարհում ժողովրդագրական մարտահրավերների ընկալմանը, հնարավոր լուծումներին և քայլերին: Թեմայի շուրջ տված ասուլիսին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշել է.

«Թեև աշխարհի բնակչությունը գնալով ավելանում է, և գիտենք, որ վերջին 50 տարիներին այն կրկնապատկվել է՝ հասնելով 8 մլրդ-ի, և կան կանխատեսումներ, որ մինչև այս դարի վերջ կհատի 10 մլրդ-ի շեմը, կան նաև շատ երկրներ, որտեղ բնակչության աճը կամ կանգ է առել կամ գնում է նվազման: Եվ հետաքրքրական է, որ աշխարհի բնակչության 2/3-րդն ապրում է հենց այն երկրներում, որտեղ որ ծնելիությունը 2.1-ից ցածր է, այսինքն՝ պարզ վերարտադրողականությունը ցածր է: Ինչ վերաբերում է աշխարհի գլոբալ ծնելիության մակարդակին, այսօր այն մոտ 2.3 է, որը մոտ է պարզ վերարտադրությանը, մինչդեռ 70 տարի առաջ այն 5 էր, որը գրեթե 50%-ով կրճատվել է»:

Ըստ հրապարակված զեկույցի` որոշ երկրներում ցածր ծնելիության ֆոնին կա նաև արտագաղթի խնդիր, և Հայաստանը պատկանում է այդ երկրների շարքին: