Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Զեկույցը ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց, որը, Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է:
Նրա խոսքով՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել: Փաշինյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշները նշանակում են, որ մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին:
«Սահմանային անկայունության, ՀՀ-ի անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում ՀՀ-ի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատամամբ՝ դա նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան. մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության՝ «ապագա կա» կարգախոսին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: