Foto

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորստի վրա հրճվող նախարա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական պաշտոնական հայտարարությունն էր։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը՝ զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 մլրդ դրամ տարեկան։ Եթե այդ մասին հայտարարեր որևէ ՔՊ-ական պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքական հռետորաբանություն։ Բայց երբ նույնը անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը, մեղմ ասած, տխուր է։

Պարզեցինք, որ «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Այսինքն՝ նախարարն, ըստ էության, հրապարակավ արձանագրում է մի որոշում, որի հետևանքով ավելի քան 500 քաղաքացի կանգնում է գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն՝ կորցնում է միլիարդավոր դրամների հարկային մուտքեր։

Ստացվում է՝ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանմամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով»:

Մանրամասները՝ թերթի համարում: