Վերջին շրջանում Թուրքիայում
ամենաբարձր մակարդակով չեն դադարում հակահայկական հայտարարություններ հնչել՝ չնայած
հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների ցանկությանը՝
օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ իշխանությունները կոնկրետ քայլեր կատարեցին թուրքական կողմի հանդեպ՝ բարձրաստիճան հեռախոսազրույց, ցավակցություններ, նախարարի այց Թուրքիա, հումանիտար օգնության մի քանի խմբաքանակ՝ հայ-թուրքական սահմանով դեպի Թուրքիա, փրկարարական աշխատանքներ Թուրքիայում, և այսպես շարունակ: Չնայած ներկայումս Թուրքիան նախագահական ընտրությունների փուլ է թևակոխել և կենտրոնացել երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների կարգավորման վրա՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում անել խիստ հակահայկական հայտարարություններ՝ նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերված հումանիտար և քաղաքական բնույթի քայլերից հետո, ինչն ապացուցում է ՀՀ իշխանության ընդդիմախոսների պնդումները, որ նման, մեղմ ասած, միակողմանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:
Մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, վերջերս ելույթ ունենալով Անկարայում հայկական իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ՝ հայտարարել է, որ արխիվային փաստաթղթերը վկայում են, թե հայերի նկատմամբ «ցեղասպանություն» չի եղել։ Ավելին, ըստ նրա, դրան հակառակ գործընթացներ են տեղի ունեցել, և այդ իրողությունները պետք է հայտնվեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն էլ ասել է, թե Թուրքիայի զինված ուժերի տեխնիկան իրեն արդարացրել է շատ տեղերում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Նա նշել է, որ Թուրքիան վերջին շրջանում առաջընթաց է գրանցել պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում։ Հարաբերությունների կարգավորման բանակցությունների ֆոնին նման հայտարարությունները կողմերի միջև մեծ անհավասարակշռության ցուցիչ են: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, այնքան էլ էական հարց չէ Թուրքիայի համար և նա ուժի դիրքերից է հարաբերվում ՀՀ հետ: Հայաստանի հետ կապված ամենացավոտ հարցը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, սրան անընդհատ անդրադարձ լինում է, իսկ մնացած հարցերն այդքան էլ էական չեն և հիմնականում կախված են հայ-ադրբեջանական օրակարգերից: Բնականաբար, Թուրքիայում հասկանում են, որ նման հայտարարությունները չեն նպաստում այդ կարգավորման գործընթացին, սակայն անհանգիստ չեն, որ այդ հայտարարությունները հետևանք կունենան թե՛ ՀՀ, թե՛ ՀՀ արևմտյան գործընկերների կողմից:
Ժամանակը ցույց տվեց, որ հայ-թուրքական գործընթացն առանձին գոյություն չունի, այն մեծ արդյունքներ չի գրանցում և չի գրանցելու, քանի դեռ տարածաշրջանում բոլոր հարցերը լուծված չեն, իսկ դրանք առավելապես կապված են Ադրբեջանի ու ադրբեջանականի շահերի հետ: Ըստ էութան՝ դրանք առանձնացնելու փորձերն ու պատկերացումները զուր են, և այս հայտարարությունները հենց դա են ցույց տալիս: Մի բան է, երբ նման հայտարարություններ անում են քաղաքական գործիչները, ընդդիմության ներկայացուցիչները, և մեկ այլ բան՝ երբ նման հայտարարություններ են անում կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավելին, հաճախ նման մակարդակի հայտարարություններն արժանանում են հակառակ կողմի պաշտոնական արձագանքին, սակայն այս դեպքում վստահաբար չի լինի նման արձագանք: Սակայն անկախ այս հայտարարություններից՝ այս փուլում և մի որոշ ժամանակ՝ գուցե ամիսներ, հայ-թուրքական գործընթացը կանգ է առնելու, քանի որ Թուրքիան ընտրությունների և հետընտրական զարգացումների սպասման մեջ է:
Արմեն Հովասափյան









