Foto

ՄԻՊ թեկնածուն՝ իր ընկերուհի Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը քննադատելու մասին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել  Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝   համարձակություն ու կամք  կունենա՞ քննադատել  իր ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու նրա կողմից իրականացված որոշումները:

Անահիտ Մանասյանն էլ արձագանքեց՝  Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը ևս պետք է լինի մարդու ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

«Ես ընդամենը 5 ամիս եմ եղել Գլխավոր դատախազի տեղակալ, մինչդեռ 14 տարվա  մասնագիտական բոլորովին այլ գործունեություն ունեմ իրականացրած: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ  հարաբերություններին՝  նշեմ, որ  ես շատ այլ անձանց հետ ունեմ մարդկային ու շատ ազնիվ հարաբերություններ, ես արդարանալու կարիք  չունեմ, հակառակը, հպարտանում եմ այդ հարաբերություններով», - նշեց ՄԻՊ թեկնածուն:

Մանասյանն ընդգծեց՝ այդ հարաբերությունները երբևէ չեն ազդել  իր մասնագիտական գործունեության վրա:

«Այո՛, պատրաստ եմ  գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցների գործունեության առնչությամբ», - հավելեց նա: