Foto

Պետք է բացառվի ցանկացած իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու արժանապատվությանը. ՄԻՊ թեկնածու

Ազգային ժողովը շարունակում է քննարկել  Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝  ինչպե՞ս է գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  պահվածքը, որը նա դրսևորել է Կասկադում:
Մանասյանն ասաց, թե ինքը դեմ է ատելության խոսքին ու համերաշխության կողմնակից է:

«Ես իմ խոսքին շատ պատասխանատում եմ վերաբերվում, որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ բոլոր հանգամանքներին: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բացառված  լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել  մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է», - նշեց ՄԻՊ թեկնածուն:

ՄԻՊ-ն ինձ համար պաշտոն չէ, այն առաքելություն և պատասխանատվություն է։ Այն ստանձնում եմ շատ մեծ ու բարձր պատասխանատվությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք պատրաստ է պաշտոնավարել մինչև ժամկետների ավարտը՝ նկատի ունենալով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականը՝ մեկ այլ պաշտոնի անցնելու պատճառաբանությամբ։
«Միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել անելու ամեն ինչ՝ այդ առաքելությունը մինչև վերջ հասցնելու և այս ոլորտը որևէ պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով»,- նշեց Մանասյանը։