Կար ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր ակտիվորեն ներգրավվել տարածաշրջային
էներգետիկ ծրագրերում։ Դա արվում էր Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձևավորման շուրջ
տարվող աշխատանքների շրջանակներում։ Ավելին, դեռևս 2016թ. սկզբին նախկին իշխանությունների
ակտիվ մասնակցությամբ Երևանում քառակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի,
Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որի ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման
հուշագիր՝ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ։
Գործընկեր չորս երկրների
էներգետիկ նախարարները նախաձեռնեցին նաև նախագծի իրականացման, այսպես կոչված՝ «ճանապարհային
քարտեզը», ինչը նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։ Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման և իրականացման
հետագա միջոցառումների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվեց 2016 թ. սեպտեմբերին՝ Բաթումում,
իսկ աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի ունեցավ արդեն 2017 թ. սկզբին՝ Թբիլիսիում:
Նախատեսվում էր ստեղծել տարածաշրջանային այնպիսի ծրագիր,, որը թույլ կտար միավորել
չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը` բարձրացնելով փոխհոսքերի կառավարման
մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդունավետությունը,
անվտանգությունն ու հուսալիությունը։ Ըստ այդմ, Հայաստանը կարող էր դառնալ կարևոր միջանցք՝
տարածաշրջանային այս համագործակցության իրականացման շրջանակներում։ Սակայն
դրա համար անհրաժեշտ էր կառուցել և ավարտին հասցնել՝ ինչպես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ,
այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գիծը, որը ստացավ «Կովկասյան էլեկտրահաղորդման
ցանց» անվանումը։ Այդ գծերի կառուցումն էապես պիտի ավելացներ էլեկտրաէներգիայի հաղորդման
թողունակությունը։
Այսօր պատկերը լրիվ այլ
է․ անցել
են տարիներ, բայց չկան ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման
գծերը։ Այստեղ անենք մի շարք կարևոր արձանագրում․ Հյուսիս-հարավ էներգետիկ
միջանցքի ստեղծման աշխատանքները դանդաղեցին հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանում
իշխանության եկան մարդիկ, ովքեր գաղափար չունեին ինչպես ընդհանրապես պետական կառավարումից,
այնպես էլ՝ բազմաթիվ կարևոր ծրագրերից։ Ինչպես մի շարք այլ ծրագրեր, այնպես էլ Հյուսիս-հարավի
գաղափարը հետին պլան մղվեց, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվեց խաղից դուրս վիճակում։
Եվ սա այն պարագայում, երբ հանդիսանում էր Հյուսիս-հարավի հիմնական նախաձեռնողը։
Արդեն շատ վաղուց պիտի
կառուցված և ավարտված լիներ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը։ Երրորդ գծիդրա կառուցումից
հետո էապես կբարձրանար Իրանի և Հայաստանի միջև գործող էլեկտրագծերի թողունակությունը՝
ներկայիս 340 մեգավատից հասնելով ժամում 1200 ՄգՎտ-ի: Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը
մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանազավթումից առաջ, սակայն 2018-ից հետո ծրագրի
ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ, ինչի արդյունքում այն դեռևս գտնվում է կառուցման ընթացքում (ակնկալվում է, որ այս
տարի, ի վերջո, կհաջողի ավարտել աշխատանքները)։
Եթե անգամ
հաջողվի տարեվերջին կառուցել ու սկսել այս գծի շահագործումը, դա գոնե առայժմ ոչինչ
չի տալու Հայաստանին Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի վաղուց արդեն խամրած գաղափարը
կյանքի կոչելու համար։ Քանզի դա անհնարին է՝ առանց Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ
գծի կառուցման։ Իսկ այդ գծի կառուցման ուղղությամբ աշխատանքները նույնիսկ չեն էլ սկսվել։
Չնայած, մինչև 2018-ն արդեն կային հիմնական պայմանավորվածությունները, ոչ միայն ֆինանսական
ապահովվածության առումով, այլև ընտրվել էր խորհրդատվական ընկերությունը, հայտարարվել
էր մրցույթ՝ կապալառու կազմակերպությունների ընտրության համար։
Նախնական տարբերակով նախատեսվում
էր նախագիծը իրագործել երեք փուլով: Առաջին երկու փուլերի շրջանակում նախատեսվում
էր կառուցել 400 կիլովոլտ լարումով էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի երկու
ենթակայան, ինչը թույլ կտար սկսել աշխատանքը Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ`
ասինխրոն ռեժիմով: Նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի միավորում,
ինչը պիտի նպաստեր փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ ստեղծվող
Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում: «Կովկասյան էլեկտրահաղորդման
ցանցի» կառուցման արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունն
այսօրվա 200 մեգավատից առաջին փուլում պիտի հասներ 350 մեգավատի, իսկ հետագայում
կամ ծրագրի ավարտին՝ 1050 մեգավատի։
Ինչպես բոլոր մնացած առումներով, այստեղ ևս իշխանազավթումից հետո կատարված աշխատանքն ամբողջությամբ ջուրը լցրեցին։ Ներկա դրությամբ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացնող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցումը նախատեսում են ավարտել 2027թ. վերջին։ Այնինչ՝ պիտի արդեն վաղուց ավարտված լիներ։ Իրան-Հայաստանի գծի կառուցման ընթացքը վկայում է, թե ինչքանով է իշխանություններին հաջողվում պահպանել սահմանված ժամանակացույցը։ Վարկային այն համաձայնագրերից մեկով, որով նախատեսվում էր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի» կառուցման համար ֆինանսական միջոցներ հատկացնել, ծրագրի ավարտը նախատեսված էր 2019թ.։ Դրանից 4 տարի հետո այն նույնիսկ չի մեկնարկել։ Չի բացառվում, որ չմեկնարկի էլ. ուղղակի՝ այլևս նման անհրաժեշտություն չլինի։
Արմեն Հովասափյան









