Foto

Դավաճանը Դո՛ւք եք․ Թովմասյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուների հարցը, հենց սկզբից իրավիճակը լարվեց:

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից որպես ՄԻՊ-ի թեկնածու առաջադված Էդգար Ղազարյանը նիստի սկզբում ասաց. «Ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի ապահովեք հավասար պայմաններ առաջադրված թեկնածուների համար՝ հիմնվելով ոչ միայն արդարության սկզբունքի, այլ նաև օրինականության սկզբունքի վրա։ Փաստն այն է, որ ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածուն (Աnահիտ Մանասյան-խմբ) չի համապատասխանում Սահմանադրության 192-րդ հոդվածի երկրորդ կետին։ Խնդրում եմ, որպեսզի հայտարարվի 20 րոպե ընդմիջում առաջադրված թեկնածուին ինքնաբացարկի հնարավորություն տալու համար»,- նախքան իր բուն ելույթին անցնելը՝ նիստի սկզբում ասաց Էդգար Ղազարյանը, ինչն իրարանցում և դժգոհություն առաջացրեց հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորների շրջանում։

Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց Ղազարյանին և հորդորեց հանձնաժողովի նախագահին թույլ չտալ շեղվել նիստի ընթացակարգից. «Տիկի՛ն Թովմասյան, ապահովեք նիստի բնականոն ընթացքը: Թեկնածուն ունի հիմնական ելույթի ժամանակ: Մենք նոր հաստատեցինք նիստի հատուկ ընթացակարգը, ես հորդորում եմ պահպանել այդ հատուկ ընթացակարգը: Տվյալ անձնավորությունն այս պահին չունի ելույթի իրավունք»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի պատասխան նիստը վարող Թագուհի Թովմասյանն ասաց. «Դուք ինձ մի՛ թելադրեք՝ ես ինչ անեմ, ես կվարեմ նիստը: Պարոն Ղազարյան, չենք կարող հայտարարել ընդմիջում, քանի որ թեկնածուն նման առաջարկի իրավասություն չունի»:

Ես Ձեզ զգուշացնում եմ՝ որպես հանձնաժողովի նախագահ ապահովե՛ք նիստի բնականոն ընթացքը, եթե Ձեր առաջադրած թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո, Դո՛ւք եք կրելու պատասխանատվություն նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով Թագուհի Թովմասյանին, ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ի պատասխան Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը տիրապետում է իրավիճակին։

«Դուք ի սկզբանե եկել եք ագրեսիվ տրամադրությամբ, չզգուշացնե՛ք ինձ ու չստիպե՛ք որևէ բան, մի՛ սպառնացեք և ինքներդ դարձեք օրինակելի պատգամավոր»,- ասաց Թովմասյանը։

Արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ասաց․ «Հավաքե՛ք ձեր թեկնածուին, եթե Դուք հետևեք իմ օրինակին կլինեք օրինակելի ու սիրված պատգամավոր, վստահեցնում եմ Ձեզ։ Բայց Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը։ Այնպես որ՝ ապահովե՛ք հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Թույլ չտաք այս անձնավորությանը, որ մեր պատգամավորների խոսքից հետո անընդհատ ռեպլիկ անի»։

Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր խոստումներն ու արժեքները, որով եկել եք իշխանության»։

ՔՊ–ական Հովիկ Աղազարյանն էլ միջամտեց` ասելով, որ եթե Թովմասյանը նիստը չվարի ինչպես հարկն է, կարող են նրա անվստահության հարցը բարձրացնել։