Foto

Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը քիչ առաջ ազատ արձակվեց ՁՊՎ-ից, քանի որ նրա ձերբակալության 72 ժամը լրացել է։

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը ձերբակալվել էր՝ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։

ՁՊՎ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանը պատմեց միջադեպի իրական եղելությունը՝ նշելով, որ աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չարաշահել է որպես նախագահող՝ իր լիազորությունները՝ բռի կերպով, հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձել է սաստել Վարդանյանին՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։

«Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,-պատմեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ ինքը մետաղական իրով է հարվածել Վարդանյանին, Սահակյանը նշեց, որ դա բացարձակ սուտ է, ձեռքով է հարվածել, ձեռքն էլ՝ կոտրել է։

«Մեկ անգամ հարվածելուց հետո, չցանկանալով, որ վեճը տարածվի, հեռացել եմ դահլիճից և գնացել փորձագետների սենյակ»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով տարածվող տեսանյութին, համաձայն որի՝ ինքը միջադեպից հետո վազելով փախչել է, մտել կանանց զուգարան, Սահակյանն արձանագրեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժված են կադրերը: հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա»: