Foto

Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով մեղավոր է. Ավինյան

Սա արտառոց և շատ վտանգավոր դեպք է։ Այս դեպքը կարող էր նաև զոհեր բերել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափմանը։

«Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Խիստ այն առումով, որ մեր շատ շինարարներ կամ, առհասարակ, տարբեր ոլորտի մասնագետներ, եթե այդպիսիք կարելի է նրանց անվանել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի՝ ռելսերից դուրս գալուն և զոհերի։ Դիմացից եկող վագոնի վարորդը պատահաբար տեսնելով՝ ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին՝ ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով մեղավոր է։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իրապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել, որը կարող էր բերել շատ վատ հետևանքների», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։