Foto

Իրանը լուրջ է «կպել» գործին

Ադրբեջանին Իրանի դեմ ռազմական աջակցություն ցուցաբերելու՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը լայն քննարկումների առիթ է դարձել տարածաշրջանային փորձագիտական շրջանակներում և մամուլում: ստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ և պաշտպանության կարիք ունի, ուստի Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907 բանաձևի ուղղումը պետք է չեղյալ համարվի։

Բացի այն, որ Իրանն ու Ադրբեջանը տարածաշրջանային հարցերի և Արցախյան պատերազմից հետո տեղի ունեցող տարածաշրջանային գլոբալ փոփոխությունների շուրջ ունեն լուրջ տարաձայնություններ, այդ հարաբերությունները կրում են նաև երրորդ ուժերի ազդեցությունը, որոնք էլ ավելի մեծ անկայունություն են փորձում հրահրել տարածաշրջանում․ մասնավորապես, սպառնում Իրանին՝ ներքին ապակայունացմամբ: Իրանը, գիտակցելով այս նոր սպառնալիքների իրական վտանգը ու հատկապես այդ վտանգի արտաքին գործոնը, փորձում է դրանք չեզոքացնել՝ լուծելով իր մյուս խնդիրները՝  Չինաստանի հովանու ներքո Սաուդյան Արաբիա-Իրան բանակցություններն ու կարգավորումը, ՌԴ-Իրան և ՌԴ-Իրան-Չինաստան հարաբերությունների խորացումը: Ուստի ԱՄՆ-ը ևս իր վերանայումներն է անում և «խաղադրույքներ» փորձում կատարել այնտեղ, որտեղ կա դրա հնարավորությունը:

Աշխարհաքաղաքական բարդագույն թնջուկում այս ամենը հավելյալ խնդիրներ է ստեղծում նաև Ադրբեջան-Ռուսաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» ծրագրի համար, ինչի մասին վերջերս հայտարարեց ռուսական կողմը՝ հատուկ հանձնարարականներ տալով: Բայց տարածաշրջանային ուժերը, որոնք առաջ են մղում «3+3» ձևաչափը, փորձում են հարցերը լուծել բուն ռեգիոնում: Այս տեսանկյունից կարևոր է Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա և բանակցությունները Սերգեյ Լավրովի հետ, որոնք կլինեն թե՛ հարավկովկասյան թեմատիկայի, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

Տրամաբանական է, որ Իրան-Ռուսաստան ջերմացման, Չինաստանի հովանու ներքո Իրանի խնդիրների կարգավորման և Պարսից ծոցի ավազանում բարենպաստ մթնոլորտի ֆոնին իրենց մոտեցումներն են փոխում նաև այլ երկրներ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Իրանն աշխատում է իր շուրջ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և թե՛ տարածաշջանային, թե՛ ավելի լայն արտատարածաշրջանային քայլերն ուղղված են այս վտանգների վերացմանը:

Արմեն Հովասափյան