Foto

Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը․ Սիմոնյանը՝ Բերբել Բասին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը և Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա: