Foto

Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն

Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:

Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: