Foto

Բոլորը շահում են՝ բացի Հայաստանից


Վերջին մի քանի տարիներին հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող  առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանից շահում են գործնականում բոլորը, բացի Հայաստանից: Այդ շահառուների թվում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես և Ռուսաստանը, ՀՀ պետական շահերի հաշվին բավարարում է սեփական իշխանության պահպանման շահերը:

Արձանագրենք, որ ժամանակ առ ժամանակ երկու կողմերից միմյանց նկատմամբ հնչող կսմիթները, փոխադարձ մեղադրանքները, ՀՀ իշխանությունների հակառուսականությունն ու ռուսների հակահայկականությունը ծխածածկույթի պես քողարկում են այն ներքին համերաշխությունը, որի տակ Փաշինյանը հետևողականորեն  հանձնում է հայկական կենսական շահերը՝ ի դեմս Արցախի, բնականաբար՝ իր դրդապատճառներով:

Ըստ էության՝ ուկրաինական պատերազմում մխրճված ՌԴ համար կենսական նշանակություն ունի թուրքական աշխարհի աջակցությունը կամ գոնե չեզոքությունը: Այդ նպատակով՝ Ռուսաստանը, հանուն իր շահերի, պատրաստ է Թուրքիային և Ադրբեջանին զիջումներ անել, այդ թվում՝ համաձայնել Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև տանդեմի կողմից առաջարկված տարբերակին: Դրա համար Երևանում պետք է լինի այնպիսի իշխանություն, որը ոչ միայն չի դիմադրի Արցախի ադրբեջանացմանը, այլև իր կողմից կանի ամեն ինչ՝ դա հնարավորինս վերջնական դարձնելու համար։ Չմոռանանք, որ այս ընդհանուր ֆոնին՝ ՀՀ գործող իշխանությունները և արևմտամետ որոշ շրջանակներ հաշտվել են այդ մտքի հետ, հրաժարվել են Արցախից և չեն պատրաստվում պայքար մղել Արցախի, 120.000 արցախցիների համար:

Առաջին հայացքից դժվար է համակերպվել, բայց տեսականորեն անհնարին թվացող այդպիսի իշխանություն վերջապես Հայաստանում գտնվել է՝ ի դեմս Նիկոլի: Անցած հինգ տարիներին վերջինս ցույց է տվել, որ իր գործողություններում ունի ընդամենը մեկ կարմիր գիծ, և դա սեփական իշխանությունն է, որի պահպանման համար պատրաստ է գործարքի գնալ ցանկացածի հետ:

Ներկայումս ստեղծվել է իրավիճակ, երբ Փաշինյանի իշխանության փաստացի պահպանման գինն Արցախի հանձնումն է Ադրբեջանին: Դա ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում խիստ ձեռնտու է նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին, այդ թվում՝ Ռուսաստանին: Թե գործարքի դիմաց ինչ ու երբ Ռուսաստանը կստանա Ադրբեջանից ու Թուրքիայից, ցույց կտա ժամանակը: Այս պահին իրականությունն այն է, որ սեփական իշխանությունը պահպանելու համար ցանկացած քայլի դիմելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը խիստ համընկել է նաև Ռուսաստանի շահերին:

Փաշինյանի շնորհիվ Ռուսաստանը կարող է լավություն անել թուրք-ադրբեջանական տանդեմին, որն այսօրվա պայմաններում կարող է, ընդհուպ, փրկօղակ դառնալ: Ընդ որում, եթե անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելու նախագիծն արևմտյան է, Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ գործարքն իրականություն դառնա իր վերջնական հավանությամբ, ինչն իրենց շահերն առաջ մղելու համար նոր առևտրի հնարավորություններ կբացի ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Արմեն Հովասափյան