«Բ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է
Աստվածաշունչն ամբողջությամբ Աստծու պատերազմ մղելու և Հաղթանակի, հետևաբար նաև մարդու հաղթանակի հասնելու ճանապարհի և հնարավորության պատմությունն է: Այս առումով առանցքային է «Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ» (Հովհ. 1:14) հայտարարությունը, ըստ որի Աստվածորդու մարդացումը և մարմնացումը նոր տարածություններ է բացում մարդու համար այս պատերազմում` հաղթելու չարին, Աստծու հետ հաշտություն կնքելու և վերջնական խաղաղություն հաստատելու:
Տերունական բոլոր տնօրինություններն ու իրադարձությունները պատերազմին ընդառաջ գնալու և հաղթելու դրսևորումներն են, ինչպես`
Մկրտությունը – «ջրերում վիշապի գլուխը ջախջախելով»
Խաչելությունը – խաչին գամելով չարին և մեղքը
Մահը և Թաղումը – սանդարամետ իջնելով և այնտեղից չարի կապանքներից հոգիներն ազատագրելով և մահվամբ մահվան տիրույթը նվաճելով
Հրաշալի Հարությունը – որպես կնիքը և ամբողջական ու վերջնական Հաղթանակը մահվան վրա` որպես անմահության ու խաղաղության պարգև մարդուն և մարդու համար` ընդգրկվելու Հաղթանակի տիրույթում` նվաճելով անմահ և անկետ խաղաղությունը (տես նաև Խ.Անձևացի, էջ 46-47):
Անշուշտ այս ամբողջը միգուցե դիտարկվի և մեկնաբանվի սոսկ որպես հոգևոր արտահայտություն միայն հավատացյալին վերաբերող և հավատացյալի համար:
Սակայն, եթե մի պահ նույնիսկ դա այդպես համարենք և չնկատենք այն որպես պատմական իրողություն, այսուհանդերձ այն գերագույն օրինակն է, նշանակը, խորհուրդը, ճանապարհը և խտացումը` հոգևոր բովանդակության սոցիալականացումը մեր առօրյա սոցիալ-կենցաղային կյանքում: Ճիշտ այնպես, ինչպես մարդը փորձում է նյութական կերպով և միջոցներով հոգևոր կյանքը կամ Աստծուն ընկալելի դարձնել իր համար, օրինակ` «Զարթնի’ր, ինչո՞ւ ես ննջում» (Սաղմ. 43:33), «Վերցրու Քո զենքն ու զրահը» (Սաղմ. 34:2) և այսպես շարունակ:
Ի վերջո, մենք մեր կյանքում առնչվում ենք բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների հետ, հոգսերի և տառապանքների հետ` տևապես կարևոր ընտրություն կատարելով և առանցքային որոշումներ կայացնելով:
Եվ վերջապես, մահվան գոյությունը վերաբերում է բոլորին` առանց խտրության, անկախ հավատքի չափից և առկայությունից, որը ոչ հնարավոր է կանխել և ոչ էլ նրանից խուսափել, այլ միայն պատրաստվել` ընդունելու և դիմագրավելու և հաղթելու այդ պատերազմը` առաքինությամբ և հավատքով:
Աստվածորդու մարդեղության խորհուրդը, իր ողջ փրկաբանական էությամբ հանդերձ, նաև հոգևոր բարձրագույն արժեքների սոցիալականացումն է` շոշափելիացումը` որպես նախաշավիղ և ուղեգիծ թե’ ամբողջական կյանքի, և թե’ հասարակական բոլոր ոլորտներում ծառայելով որպես հիմք բարոյագիտական հայացքների և վարքագծի ձևավորման գործում. «… Ինքն իրեն ունայնացրեց` աղքատացրեց` ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման դառնալով…» (Փիլիպ. 2:7):
Հետևաբար, անկախ մարդու հավատացյալ լինելու կամ ոչ լինելու հանգամանքից, սուրբգրային պատգամը բացարձակ արժեք և ճշմարտություն է` ծառայելով մարդու բարիքին որպես ուղենիշ:
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում` իր հոգևոր և նյութական հետևանքով, այլ միաժամանակ հաղթանակի հնարավորություն է` իր բոլոր արդյունքներով` թե’ հոգևոր, և թե’ նյութական. «Որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ» (Հռոմ. 5:20), «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. փորձության հետ փրկության ելք է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13), «այնքան լինի փորձությունը, որ օգտվեք և ոչ վնասվեք» (Խ.Անձևացի էջ 76) և «բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց» (Հռոմ. 8:37) և «Տերն ասաց իմ Տիրոջը. «նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ և դու կտիրես քո թշնամիների մեջ»» (Սաղմ. 109:1-2), «իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը» (Ես. 57:13):
Շարունակելի…»։
Բագրատ արք. Գալստանյան









