Քաղաքական տեսության մեջ քաղաքական ու պետական գործիչների տարբերության մասին կան տասնյակ տեսություններ, հազարավոր գեղեցիկ արտահայտություններ ու բազմաթիվ ցցուն օրինակներ։ Թերևս դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով ունի պետական գործչի զրոյական հատկանիշներ, և իրեն դրսևորում է հարյուր տոկոսով՝ որպես քաղաքական գործիչ։ Պետական ու քաղաքական գործիչները, ի թիվս բազմաթիվ տարբերությունների, իրարից զատվում են ամենակարևոր՝ շահերին վերաբերող, հարցում։ Պետական գործիչ դարձած այրն առաջնորդվում է պետության շահերով, մինչդեռ քաղաքական գործիչ մնացածն ու այդ դերում հայտնվածը շարունակում է հետապնդել իր սեփական-անձնային կամ խմբակային-քաղաքական շահերը։ Փաշինյանի պարագայում գործ ունենք հենց այս՝ երկրորդ, դեպքի հետ։ Նա արդեն հինգ տարի զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը, սակայն այդպես էլ մազաչափ անգամ չի մոտեցել պետական գործչի նվազագույն չափանիշներին։ Նա ընդամենը երկրի բարձրագույն պաշտոնն օգտագործում է իր անձնական, նեղ կուսակցական շահերը սպասարկելու համար։
Հենց դա է պատճառը, որ, սեփական թիմակիցներին կոռուպցիոն մեղադրանքներից պաշտպանելու հարցում դրսևորում է որսին պահպանող աղվեսի նախանձախնդրություն, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի կամ Արցախի անվտանգությանը, նապաստակի վախվորածությամբ դառնում է խաղաղություն մուրացող։ Նիկոլի համար պետական շահերը կարևոր են այնքանով, որքանով դա նպաստում է իր անձնական կամ քաղաքական շահերի բավարարմանը։ Հայաստանի ղեկավարի պաշտոնում նա պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ իր իշխանության շահերը՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերը զոհաբերելով իշխանության պահպանման նպատակին։
Այն ինչով այսօր զբաղված է Փաշինյանը, մաքուր հակապետական գործունեություն է։ Ցավալին այն է, որ այդ ամենը դիմադրության չի արժանանում նաև այն պատճառով, որ հանրության եթե ոչ՝ զգալի, ապա՝ պատկառելի հատվածը մտածում է բացառապես իր սեփական շահերը գերադասելով ամենայնից, այդ թվում՝ պետական շահերից։ Դա է Փաշինյանի իշխանության չերևացող հիմնասյուներից մեկը։
Այդ «շիլայի»
արդյունքում՝ ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները հետապնդող, դրանց հասնելու համար
անհրաժեշտ շահեր սպասարկող կազմավորումից պետությունը
վերածվել է Նիկոլի ու նրա քաղաքական խմբակի ճղճիմ շահերը բավարարող միավորի։ Քաղաքական գործչից պետական այր դառնալու փոխարեն՝
Փաշինյանը պետությունը դարձրել է քաղաքական առևտրի ակտիվ և մաս-մաս վաճառում է այն՝
իր անձնական շահերի բավարարման նպատակով։
Ստեղծված իրավիճակից ելքը
պետությունը «քաղաքական աճուրդից» հանելն ու իր բացառիկ դերին վերադարձնելն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը քննարկի ոչ թե Նիկոլի քառաժամ բարբաջանքները,
այլ 40 տարբեր վայրերում հնչող այլընտրանքային մտքերն ու գաղափարները։ Քանի դեռ դա
տեղի չի ունեցել, քաղաքական կյանք կոչվածը խարխափելու է ասուլիսից ասուլիս ընկած միջակայքում,
որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակելու է բավարարել իր շահերը։
Արմեն Հովասափյան









