Foto

Հանգստացնող այց՝ «Տիզբոն»

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի խնդրին և մի շարք այլ կարևոր հարցերի: Ի մասնավորի, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։ Նա նաև նշել է, թե այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։

Ի դեպ՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2022թ. դեկտեմբերին Մոսկվայում չկայացած եռակողմ՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը ՀՀ–ն չի բոյկոտել, չի չեղարկել, այլ պարզապես հետաձգել է։ Նա նույնիսկ նշել էր, որ այդ հանդիպման մասին խոսել էր նաև Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։

Դատելով վերոնշյալ հայտարարություններից ու պարզաբանումներից՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմը որոշել է մի փոքր մեղմել այն լարվածությունը, որը վերջին ամիսներին կուտակվել է հայ-ռուսական հարաբերություններում՝ պայմանավորված պաշտոնական Երևանի մի շարք քայլերով, որոնցից էին ՀԱՊԿ զորավարժությունների, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնի, դեկտեմբերյան եռակողմ հանդիպման մերժումը, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայումը։ Ի դեպ՝ չի բացառվում, որ հենց այս խոսակցությունից հետո է որոշում կայացվել կազմակերպել այս այցը։

Միրզոյանի մոսկովյան հանդիպումը հայաստանյան իշխանությունները փորձում են փաթեթավորվել այնպես, որ նա մեկնում է Մոսկվա այս բոլոր հարցերի ուղղությամբ բանակցություններ վարելու և Մոսկվայի մտավախությունները փարատելու նպատակով։ Թե ինչով է սա պայմանավորված՝ բարդ է ասել, քանի որ ակնհայտորեն տեղի ուենցող գործընթացները ինտենսիվ ու արագ են, փակ են, սակայն կարելի է ենթադրել, որ այս ամենը պայմանավորված է ՀՀ-Արևմուտք հարաբերություններում առկա խնդիրներով և նրանով, որ ՀՀ-ն Արևմուտքից՝ այս դեպքում կարևոր էլ չէ հստակեցնել՝ ԵՄ, ԱՄՆ, թե Ֆրանսիա, չի ստանում այն աշխարհաքաղաքական աջակցությունը, ինչ ցանկանում է, և վստահությունը, որը դրսևորվում է ժամանակ առ ժամանակ Մոսկվայի հանդեպ քայլերով, կոտրվում է Արևմուտքի ոչ բավարար աջակցությամբ։

Այստեղ շատ կարևոր է այն փաստը, որ պետք չէ ապրել պատրանքներով, քանի որ բոլոր խաղացողների համար այս տարածաշրջանում կարևոր են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, շատ դեպքերում, Ադրբեջանը նույնիսկ առավել՝ պայմանավորված շատ հանգամանքներով։

Չմոռանանք, որ Ռուսաստանի քաղաքականության շրջանակում ևս տասնյակ տարիներ այս գիծը եղել է, ՌԴ-ն փորձել է բալանսավորել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները, և դա երբեք չի գոհացրել Երևանին։ Սակայն ներկայումս նույն պատկերը ստեղծվում է տարածաշրջանի երկրների ու Արևմուտքի հարաբերություններում, և դժգոհությունները պայմանավորված են պարզապես սխալ քաղաքական հաշվարկներով։ Արևմուտքի դեպքում բազմաթիվ այլ խնդիրներ ևս առաջանալու են, որը ցույց է տալու, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին այլընտրանք չկա։ Ռուսաստանում ևս այս ամենը հասկանում են, ամենայն հավանականությամբ, հենց սրանով էլ պայմանավորված է որոշում կայացնող շրջանակների հանգստությունը»

Հ․գ․ Ըստ տեղեկությունների՝ Միրզոյանը Մոսկվային է ներկայացրել  նաև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը, ինչպես նաև Հայաստանի առաջարկները՝ ցանկանալով տեղում ռուսների տրամադրությունները հասկանալ»։

Արմեն Հովասափյան