Foto

ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի կողմից տրված «քարտ բլանշ»-ի ժամանակն ավարտվել է․ Իշխանյան

Հրապարակվել է  ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որտեղ

Հայաստանի վերաբերյալ գնահատականներն այնքան էլ չեն տեղավորվում  ՀՀ իշխանություններում ընդունված պատկերացումների շրջանակներում:  Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։


 

- Պարո՛ն Իշխանյան,  ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում նշվում է «Հայաստանում դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել»։ Սա Ձեզ հայտնի ո՞ր դեպքերի արտացոլումն է։

-Կարծում եմ, որ ԱՄՆ պետդեպի զեկույցում «չհաստատված տեղեկություններ» արտահայտությունը զուտ դիվանագիտական ձևակերպում է։ 2022թ դատական իշխանության վրա կառավարության ճնշումները եղել են բացահայտ։ Միայն Արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ ուղղված դիմումները՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար,  արդեն բավարար   հիմքեր է տալիս խոսել կառավարության ճնշումների մասին։ Եթե դրան գումարենք Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի ձայնագրության մեջ եղած բացահայտումները, դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը, ապա այս բոլորը վկայում են բացահայտ ճնշումների մասին։

- Զեկույցում նշվում է դատավորների մեծ ծանարբեռնվածության, համակարգի նկատմամբ հանրային ցածր վստահության ու կառավարության ճնշումների մասին։ Սրանք մենք տեսնում ենք գերթե ամենօրյա ռեժիմով, որին չէին արձագանքում միջազգային կառույցները։ Հիմա ԱՄՆ պետքարտուղարությունը որոշեց խոսել սրա մասին։ Ինչո՞ւ։

-Կարծում եմ, որ իսկապես այս զեկույցը անսպասելի էր ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև քաղհասարակության, նաև եվրոպական կառույցների համար։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի կողմից տրված «քարտ բլանշ»-ի ժամանակն ավարտվել է, կամ ԱՄՆ իշխանությունները ինչ-ինչ հարցերում դժգոհ են ՀՀ վարած արտաքին քաղաքականությունից և նրանց շտապեցնում են։ Համենայն դեպս, կարծում եմ, որ սույն զեկույցը յուրատեսակ ուղերձ է՝ ուղղված  ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև եվրոպական կառույցներին և  քաղհասարակությանը։

- Ռուբեն Վարդազարյանի հարպարակած ձայնագրությունը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հանրային վերաբերմունքը հիմա հաշվի են առնվում, իսկ նախորդ տարիներին՝ դատարանների շրջափակումն իշխանության հորդորով, ամենօրյա ռեժիմով կարգապահական վարույթների հարուցումը հաշվի չի առնվել։ Ինչո՞ւ։

-Կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի։ ՀՀ իշխանություններին «քարտ բլանշ» էր տրված՝ ցանկացած անօրինականություն անելու։ Այդ նույն միջազգային կառույցները, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, նաև քաղհասարակությունը «չնկատեցին» 2021թ ընտրությունների ժամանակ եղած բազմաթիվ խախտումները՝ վարչական ռեսուրս, զինվորների ուղղորդված քվեարկություն, ընդդիմադիր գործիչների կալանքներ՝ համարելով ընտրությունները  «ազատ,  արդար»։ Կարծում եմ այս ամենը «չնկատելու» պատճառը աշխարհաքաղաքական շահերն էին։

- Այս զեկույցը և դրա արձագանքն հաշվի առնելով՝ քաղհասարակությունը կսկսի՞ արձագանքել դրան։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-Քաղհասարակությունն այժմ տարակուսած է և, կարծում եմ, սպասում է ցուցումների ֆինանսավորողների կողմից։

Հեղինակ: Աննա Ավետիսյան