Foto

Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ առաջ են ընթանում․ Վահան Կոստանյան

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի հայաստանյան այցի ընթացքում հանգամանալից անդադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Գիտեք, որ հատկապես վերջին օրերին ԱԳՆ-ն նաև իր իր տարածած հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն վիճակը, որն ստեղծվել է տարածաշրջանում և այն սադրիչ գործողությունները և Ադրբեջանի փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում»,- նշեց նա։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ առաջ են ընթանում՝ թե՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով, թե՛ երկու երկրների նախարարությունների խորհրդակցությունների մակարդակով, ինչը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրանական օրակարգը վերջին տարիներին բավականին ընդլայնվել է և արտաքին գործերի նախարարությունները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը բավականին մեծ է։

«Այն ներառում է թե՛ տնտեսական բազմաթիվ խնդիրներ և ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե՛ փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված և այս առումով անհրաժեշտ է, որ խորհրդակցությունները չընդատվեն և պարբերական լինեն»,- հավելեց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Բաղերին երկօրյա այցով ՀՀ է ժամանել՝ հայ գործընկերների հրավերով։