Ուկրաինայում շուրջ մեկ տարի շարունակվող պատերազմի
ֆոնին Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ-ն էականորեն փոխել է՝ ակտիվացրել, իր քաղաքականությունը
ՌԴ ազդեցության գոտիներում՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Փետրվարի 28-ին առաջին անգամ Ղազախստան այցելեց Էնթոնի Բլինքենը, դրան հաջորդեց նրա այցը Ուզբեկստան, կրկին առաջին անգամ, իսկ այսօր՝ նաև Հնդկաստան: Բլինքենն Աստանայում Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հետ մասնակցել էր С5+1 ձևաչափով հանդիպմանը, քննարկել ահաբեկչության դեմ պայքարի և պարենային անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, «C5+1» փոխգործակցության նոր ձևաչափ հաստատեցին 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար: Այդ երկրների արտգործնախարարները Սամարկանդում գործընկերության և համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր էին ընդունել։ Ըստ արևմտյան մամուլի, Արևմուտքը նաև գնահատում է Կենտրոնական Ասիայի երկրների զգուշավորությունը ուկրաինական պատերազմի հարցում, հատկապես այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք գտնվում են ՌԴ-ից էական կախվածության մեջ, չաջակցեցին ՌԴ քաղաքականությանն Ուկրաինայում: Բլինքենը, նշել էր, որ իր այցն ուղղված է նրան, որպեսզի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հնարավորինս շրջանցեն ԱՄՆ գործընկերներին Կենտրոնական Ասիայում:
Ըստ էության՝ Կենտրոնական
Ասիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար չի կարելի թերագանահատել, այն կարևոր է և Ռուսաստանի,
և Չինաստանի ազդեցության տեսանկյունից, ում դեմ պայքարում է ԱՄՆ-ը: Ստացվում է, որ
եթե ԱՄՆ-ին հաջողվի որոշակի հաջողություններ գրանցել Կենտրոնական Ասիայում, ապա դա
կլինի Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության հաշվին: Երկու պարագան էլ գոհացուցիչ է
Նահանգների համար:
Այս ամենը շատ ավելի վաղ է սկսվել, որի հանգրվաններից մեկն այն էր, ինչ տեղի ունեցավ
նախորդ տարվա սկզբին Ղազախստանում: Բնականաբար, այս երկրների չեզոքությունը հավելյալ
ոգևորում է Արևմուտքին, սակայն այստեղ գլխավորը ՌԴ ազդեցության
թուլացումն է և թյուրքական ազդեցության խորացումը, որն արդեն իսկ ինչ-որ մակարդակով
տեղի է ունեցել, քանի որ թյուրքական գործոնը վաղուց է ներթափանցել և համակարգված աշխատանք
է տարվել այդ ուղղությամբ: Փաստենք, որ այս ամենը համընկնում է Արևմուտքի շահերի հետ,
քանի որ գլխավորը ՌԴ հետխորհրդային ժառանգությունն է ( ի դեպ՝ նույն մոդելը տեղի է
ունենում մեր տարածաշրջանում):
Եթե փորձենք զուգահեռ անցկացնել, ապա միանշանակ է, որ Կենտրոնական Ասիան շատ ավելի ռազմավարական ու մեծ տարածաշրջան է, քան Հարավային Կովկասը, որում ամենակարևորը հակամարտություններն են և հանգամանքը, որ ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությամբ կարողացել է լինել այս ռեգիոնի հարցերի համակարգողը: Այս դեպքում էլ պայքարն այդ համակարգողի գործառույթների դեմ է, որպեսզի այլևս նման թեմա չլինի: Այսինքն՝ ըստ տարածաշրջանի առանձնահատկությունների՝ դրված խնդիրները տարբեր են, սակայն աշխարհաքաղաքական նպատակը՝ մեկը: Հարավային Կովկասի դեպքում կա ևս մեկ գործոն՝ իրանականը, որի դեմ էլ գործի է դրվել Ադրբեջանը: Թեև Բլինքենը այստեղ այցեր չի կատարում, սակայն վերահսկում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, ինչպես նաև ներկայումս ընթացող ՀՀ-Ադրբեջան բանակցությունները։ Թերևս կարևորն առանձին երկրներ այցերը չեն, այլ՝ կարգավորումները, որոնք, ըստ արևմտյան տեսության, անպետք կդարձնեն ՀՀ-ում ռուսական ռազմաբազան, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահների ներկայությունը, որի հարցը կդրվի Ադրբեջանի կողմից: Իսկ մինչ այդ ՌԴ-ն կենտրոնացած է իր ազգային հարցերը լուծելու վրա՝ մեկ հարց, որը լուծելու դեպքում կլուծվեն մնացած բոլոր հարցերը, սա է առանցքային մոտիվը:
Արմեն Հովասափյան









