Foto

ՀԱՊԿ, թե՞ 100 կիսազինված ԵՄ դիտորդ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սեփական ռեկորդները գերազանցելով, «հաստատուն» քայլերով շարժվում է առաջ։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է ՀԱՊԿ-ի փոխնախագահի քվոտայից։ Պաշտոնական այս տեղեկատվության հետ որևէ մեկնաբանություն, բացատրություն, պարզաբանում չի ներկայացվել։ Կարելի է ենթադրել, որ եթե որևէ հիմնավորում էլ ներկայացվեր, այն լինելու էր մոտավորապես «ՀԱՊԿ-ին հասնում ա» կամ «իրենք փիսն են» տրամաբանության մեջ։

Հայաստանը, նման վարքագծով, շարունակում է ՀԱՊԿ-ին ուղղված դեմարշը, որի վերջին՝ եզրափակիչ արարը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին Երևանում կայացած կազմակերպության գագաթաժողովում։ Թերևս դժվար է ասել, թե մինչև ուր կհասնի այդ դեմարշը, և արդյո՞ք այն կհանգեցնի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, անդամակցության սառեցմանը կամ մեկ այլ կարգավիճակով հարաբերությունների խզմանը։ Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանը, ինչպես որևէ այլ բնագավառում, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերում չունի որևէ ռազմավարություն, հայեցակարգ, ծրագիր և առաջնորդվում է առավելապես այսրոպեական, մակերեսային դրդապատճառներով, էմոցիաներով ու ռացիոնալությունից հեռու այլ մոտիվներով։ Մյուս կողմից, սակայն, այն, ինչ անում է Նիկոլը, ինչպես նրա կատարած ցանկացած քայլ, վտանգավոր, չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։

Ըստ էության՝ Փաշինյանը գործնականում քանդում է այն անվտանգային համակարգի ճարտարապետությունը, որում գտնվում էր և դեռևս իներցիայով գտնվում է Հայաստանը։ Դա հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և որպես դրա հետևանք՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության վրա հիմնված ճարտարապետություն է։ Այլ հարց է, թե որքանով է արդյունավետ այդ ճարտարապետությունը և կենսունակ՝ դրա վրա հիմնված անվտանգային համակարգը: Նման դեպքերում խելամտությամբ առաջնորդվողը լայն իմաստով ունի երկու տարբերակ՝ կա՛մ փորձել լուծել այն խնդիրները, որոնք անարդյունավետ են դարձնում այդ անվտանգային համակարգը, կամ, դրա անհնարին լինելու դեպքում, դրանից դուրս գալու մասին մտածել բացառապես առարկայական այլընտրանքի առկայության դեպքում։ Միանշանակ է, որ Փաշինյանը չի գնացել այս երկու ճանապարհներից որևէ մեկով։ 

Կասկածից է վեր է, որ նա ոչ միայն չի փորձել հարթել հայ-ռուսական հարաբերություններում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գոյություն ունեցող խնդիրները, այլ խորացրել է դրանք կարեցածի չափով՝ այդ հարաբերությունների մակարդակը հասցնելով պատմական մինիմումի։ Եվ դա, ի դեպ, սկսել է ՌԴ համար կենսական նշանակություն ունեցող համակարգի՝ նույն ՀԱՊԿ-ի վարկաբեկմամբ՝ շինծու քրեական գործ հարուցելով այդ կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ։ Ըստ էության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու քայլն այդ նույն քաղաքականության շարունակությունն է։

Համաձայնեք, այս գործելաոճը հարաբերականորեն կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանն ունենար անվտանգային այլընտրանքային համակարգի մաս կազմելու իրական, առարկայական, ոչ հռչակագրային հնարավորություն։ Այսպիսին Հայաստանը չունի, իսկ այն, ինչը Նիկոլ Փաշինյանի համար երևակվում է որպես անվտանգային այլընտրանքային համակարգ, անցնում է Թուրքիայով։

Արձանագրենք, որ Նիկոլը հետևողականորեն ոչնչացնում է վատ, անարդյունավետ գործող բայց այդուհանդերձ անվտանգային համակարգը՝ դրա փոխարեն ունենալով միայն արևմտյան պաշտոնյաներից սիրառատ ու գորովագին հայտարարություններ ստանալու հեռանկար, գումարած՝ 100 կիսազինված ԵՄ դիտորդ։ Ակնհայտորեն Փաշինյանը հերթական աղետն է մոտեցնում Հայաստանին, որը վրա է հասնելու կամ հենց Ռուսաստանի, կամ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից (ի դեպ՝ ՌԴ տոտալ լռությամբ)։

Արմեն Հովասափյան