Foto

Արայիկ Հարությունյանը հռչակեց «քիրվաների աղանդի» մանիֆեստը

Երեկ Արցախի անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ թեև Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չի շեղվելու և շարունակելու է պայքարը, բայց եթե կան մարդիկ, ովքեր ընդունում են Ադրբեջանի «ինտեգրացիոն» առաջարկները, ապա հնարավորություն ունեն ազատ տարածել այդ տրամադրությունները և երկրում նոր իշխանություն ձևավորել: Ավելի երկերեսանի, ավելի կործանարար ու պարտվողական հայտարարություն մեկ էլ լսել եմ Նիկոլ Փաշինյանից, երբ պատերազմի առաջին ժամերին հայտարարում էր, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարելու:

Փաստացի պատերազմական վիճակում և շրջափակման մեջ գտնվող երկրի ղեկավարն իրավունք ունի՞ տոլերանտության կոչ անել այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր պատրաստվում են պաշարված ամրոցի դարպասները բացել թշնամու առաջ: Արցախցիները դարեր շարունակ կարողացել են պահպանել ինքնիշխանությունը և ինքնությունը հենց նրա շնորհիվ, որ կոլաբորացիոնիստներին թարախապալարի պես վիրահատել են իրենց մարմնից, մարգինալացրել են և զրկել գլուխ բարձրացնելու բոլոր հնարավորություններից: Հիմա Արայիկ Հարությունյանը պոտենցիալ դավաճաններին հնարավորություն է ընձեռում թշնամու հետ քիրվայության «հաջողակ պատմությո՞ւն» ձևավորել: Դրանից լավ նվեր Ալիևին ու Էրդողանին ոչ ոք չի արել: Րոպե իսկ չի անցնի, երբ արտասահմանյան կամ հայաստանյան «իրավապաշտպան», «շունոյասեր» և «ծիածանապաշտ» ՀԿ-ների միջոցով թուրք-ադրբեջանական փողերը կհոսեն հենց այդ կոլաբորացիոնիստների գրպանները: Կարճ ժամանակ հետո նրանք կդառնան «հաջողակ» բիզնեսմեններ, իրենց երեխաները կսկսեն սովորել լավագույն դպրոցներում ու բուհերում՝ դրանով իսկ «ապացուցելով», որ ադրբեջանցիների հետ հնարավոր է քիրվայություն անել, «խաղաղ» ապրել: Քանի՞ հազար այդպիսի օրինակներ կան մեր ժողովրդի պատմության մեջ, թեև ոչ մեկի վախճանը բարի չի եղել: Արդյո՞ք այդպիսի «հաջողության» օրինակ չէին տարատեսակ աղանդները, որոնք կազմաքանդեցին մեր հասարակությունը, բանակը, ընտանիքներն ու ավանդական բարքերը: Երեկ Արայիկ Հարությունյանը փաստացի հռչակեց «քիրվաների աղանդի» մանիֆեստը:

Եթե արցախցիները հաստատակամ են շարունակել անկախության համար պայքարը՝ արհամարելով բոլոր դժվարությունները, ապա ողջ հայ ժողովորդը պետք է ոչ թե համակերպվի կոլաբորացիոնիստների գոյության հետ ու նրանց զարգանալու և տարածվելու հնարավորություն տա, այլ պետք է միաբանվի արցախցիների հետ ու վռնդի դրանց Բաքու: Թող այնտեղ քիրվայություն անեն թուրքերի հետ, թող այնտեղ իշխանություն ձևավորելու իրավունք ու հնարավորություն ստանան, եթե չմորթվեն:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան